• «Հողերը հանձնելու» թեման եղել է և, ցավոք, դեռ երկար կլինի ժողովրդի զգացմունքների հետ խաղալու, այդ պահին գործող իշխանությանը թիրախավորելու և քարոզչական պայքար տանելու հաջող միջոց։
• Այսպես, ժամանակին իշխանական շրջանակները տեղին-անտեղի մեջբերում էին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հայտնի հոդվածի համապատասխան հատվածներ։
• Ներկայումս արդեն ամեն իրեն հարգող ընդդիմադիր անգիր գիտի դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» (իրականում կարծեմ՝ ասել էր՝ «ո՞վ է այն միամիտը, որ կպնդի, թե Աղդամը մեր հայրենիքն է») խոսքը։
• Այս օրերին չգիտես ինչու՝ ոչ մեկը (թերևս բացի հարցազրուցավար Aram Abrahamyanից) չի հիշում արտգործնախարար Օսկանյանի՝ համանման բովանդակությամբ հարցազրույցը (տեսանյութ),ինչպես նաև ոչ ոք (անգամ հայոց ժամանակակից պատմության գուրու Tatul Hakobyanը) չի հիշում դեռ 1994 թ․ հունվարին Մոսկվայի հեռուստատեսությամբ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Անդրեյ Կարաուլովին՝
«- Այսօր Ադրբեջանի տարածքի մի մասը գտնվում է ձեր կառավարման տակ։
- Դրանք հիմա էլ Ադրբեջանի տարածքներն են (sic!), բայց ներկա պահին մեր ռազմական հսկողության տակ են»։
• Բայց և անկախ նրանից՝ տվյալ պահին հիշում ենք, թե չէ՝ փաստ է, որ Հայաստանում իշխած արտաքին քաղաքական պատասխանատուներից յուրաքանչյուրն այս կամ այն առիթով՝ «կամա թե ակամա», ուզած-չուզած խոսել է 1992-1994 թթ․ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս գտնվող ազատագրված հայկական հողերի հնարավոր հանձնման մասին։ Իսկ «հողերը հանձնելու/ծախելու» զրույցներն էլ կենդանի են դեռ հեռավոր 1988 թ․-ից (երբ այդ հողերն իսկի չէին էլ «առնված», որ մի հատ էլ «ծախվեն»)։
• Ինչո՞ւ է այդպես։ Շատ պա՛րզ։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ըստ այնմ հայաստանյան իշխող վերնախավերը չեն ունեցել ու մոտակա տասնամյակում չեն ունենա ներքին ու արտաքին այն աստիճան լեգիտիմություն ու ուժ, որ հրաժարվեն ԼՂ հարցով բանակցություններից։ Իսկ հայտարարելը (թեկուզ ներքին լսարանի առաջ), որ «մենք ոչինչ չենք զիջելու, Հորադիսից մինչև Քարվաճառ Հայաստան է», ուղղակիորեն կբերի բանակցություններից սեփական մեղքով դուրս թռնելուն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ըստ էության, Հայաստանի հույսն այս հարցում համաշխարհային, տարածաշրջանային ուժային հավասարակշռությունն է, Հայաստան-Ադրբեջան հարթության մեջ հավասարակշռությունը պահելու ձգտումն ու Ադրբեջանի մերժողական քաղաքականությունը․ մենք ասում ենք, որ «կհանձնենք»՝ իմանալով, որ Ադրբեջանը մի նոր պահանջ կառաջադրի, ինչպես եղավ Կազանում։
• Իսկ հողե՞րը։ Իսկ հողերը մենք կարող ենք կորցնել միմիայն մի դեպքում՝ համազորային բազմաթիվ ճակատամարտերից բաղկացած, երկարատև ու հյուծիչ պատերազմի դեպքում՝ կռվո՛վ։ Այլ կերպ հողերը երբեք չենք կորցնի։ Իսկ պահել հողերը կարող ենք միայն շատ բնակչությամբ, ուժեղ տնտեսությամբ, որակյալ զենքով ու զենքին տիրապետող զինվորով ու հրամանատարով։ Այսքա՛նը։
Էդգար Էլբակյան