Անկախության 25-րդ տարում տեղի ունեցածը մեր պետականության հասունության կարևորագույն մի քննություն էր: Զինված խմբի կողմից զենքը վայր դնելն ու հանձնվելը որևէ մեկի պարտությունը չէ. դա ժողովրդի, հասարակության և պետության միասնական հաղթանակն է: Նոր արյունից խուսափելու՝ խմբի անդամների որոշումը ևս հասունության և սթափության լուրջ վկայություն է:
Չհաշված Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումները, որոնք անշուշտ լուրջ հետաքննության կարիք ունեն, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները դրսևորեցին բացառիկ զսպվածություն և արհեստավարժություն: Չնայած առկա բոլոր նախադրյալներին, չհայտարարվեց արտակարգ իրավիճակ: Չնայած մեծ գայթակղությանը և ոստիկանության սպայի սպանությանը, ուժայինները չգնացին գրոհի և զինյալ խմբի նկատմամբ չկիրառեցին անհամաչափ ուժ: Չնայած հանրային լայն ակնկալիքներին, ընտրվեց համբերատար բանակցությունների և երկխոսության ուղին: Առողջապահության նախարարությունն ապահովեց բոլոր տուժածներին համաչափ և որակյալ բուժօգնություն' անկախ նրանից, թե որ կողմն էր ներկայացնում տուժողը:
Այն, որ հասարակությունը ակնկալում է լուրջ և խորքային բարեփոխումներ' փաստ է, այդ արմատական փոփոխությունները մեր երկրում, իրականում, այլընտրանք էլ չունեն: Բայց հասկանալի է նաև, որ զենքով հնարավոր է ստեղծել միայն քաոս, ոչ՝ առաջընթաց: Հայաստանն այդպիսի շռայլության հնարավորություն էլ չունի:
Մենք, որպես իշխանություն, պարտավոր ենք մի կողմից լրջորեն հասկանալ և անդրադառնալ ժողովրդի կողմից այս ակնհայտորեն անընդունելի պայքարի ձևն առնվազն հանդուրժող, իսկ հաճախ' սատարող դիրքորոշման պատճառները և հրատապ գտնել դրանց պատասխանները: Պարտավոր ենք նաև ապահովել զինված խմբի անդամներից յուրաքանչյուրի արդար դատավարության իրավունքը: Հաշվեհարդարը պետք է բացառվի: Այդ ամենին զուգահեռ Հայաստանը պետք է բռնի անհրաժեշտ և վաղուց հասունացած փոփոխությունների ճանապարհը:
Մենք, որպես հասարակություն, պետք է ճիշտ գնահատենք քաղաքացիական հասարակություն եզրույթը: Բոլորիս բառապաշարից պետք է իսպառ վերացվի վրեժխնդրության, արյունահեղությունը արդարացնելու, ուժին ուժով պատասխանելու գայթակղությունը: Բոլորս միասին պետք է սովորենք նույնիսկ ծայրագույն լարվածության պարագայում' իր հոգևոր ծառայությունը կատարելու համար ամենաթեժ կետ եկած հայ եկեղեցու սպասավորին չվիրավորելու, Մանսուրյանին և Չեքիջյանին երբեք չպիտակավորելու աքսիոմաները: Քանի որ առանց հոգևոր արժեքների և մտավորական էլիտայի որևէ ժողովուրդ դատապարտված է:
Մնում է աղոթել անմեղ զոհված ոստիկանների համար և արագ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին՝ զինյալներ, ոստիկաններ, խաղաղ ցուցարարներ, թե լրագրողներ:
Ուրեմն, առաջ դեպի ավելի ուժեղ Հայաստան, դեպի մեր բոլորի երազած Հայաստան, որի քաղաքացի լինելը պատիվ է, որի բանակում և ոստիկանությունում ծառայելը' պատվաբեր առաքելություն, որտեղ ծնվող երեխաների առջև բաց են առաջընթացի բոլոր հնարավորությունները:
Անկախության 25-րդ տարեդարձը մենք նշում ենք հենց այսօր այս խորհրդանշական ձեռքբերմամբ:
Սամվել ֆարմանյան