Յուրի ՏԵՓԱՆՈՍՅԱՆ

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը:


Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում:
2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից:


Երեսուն տարեկան էր ընդամենը, երազանքները շատ էին: Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել և որդուն տղամարդ մեծացնելու ու տղամարդ տեսնելու իղձն էր փայփայում հաստատ: Չհասցրե՛ց… Զոհաբերեց իրեն, որ ապահով մեծանան ոչ միայն իր, այլև բոլորիս երեխաները, որ անցնցում ու ամուր լինի իր ու բոլորիս Հայաստանը:


Նվիրյալները զոհվում են ու չեն մահանում:
Ենթասպա Յուրի Տեփանոսյանը գնաց զորացնելու անմահների երկնային գունդը, որ մեր երկրի ու ժողովրդի հավերժության երաշխավորն է:
Փառք ու անմար հիշատակ մեր խիզախ զինակցին:

ՀՀ ոստիկանություն