Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ: Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հիշեցնելով, որ դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները:

 

«Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, կարող են վնասել երեխաներին: Անչափահասների համար մտահոգությունը խիստ իրական ու հիմնավոր է: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին: Հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու‚ տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»,- գրել է նա: