Իրանական Ուրմիա և Թեբրիզ քաղաքներում տեղի են ունենում ադրբեջանցիների ցույցեր՝ընդդեմ պարսկալեզու Tərh-i No թերթում <<վիրավորական հոդվածի>>: Թերթի համարներից մեկում ներկայացված է հատված Ֆիրդուսու Շահնամեից, որտեղ իբր թե վիրավորում են թյուրքերին:


Թերթի տնօրեն, ազգությամբ ադրբեջանցի Ամիր Ալիզադեն արդեն ներողություն է խնդրել <<սադրիչ>> հոդվածի համար՝այն սխալ անվանելով: Սակայն հոդվածի հեղինակ Սուլեյման Աֆշար Տիկաբին հրաժարվել է ներողություն խնդրել հոդվածի համար նշելով, որ ադրբեջանցիները թյուրքեր չեն համարվում: Նա նշել է, որ Արևելյան և Արևմտյան Ադրբեջանների, ինչպես նաև Արդեբիլի ադրբեջանցիները պետք է իմանան, որ իրենք դեմ են պանթուրքիզմին:


Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Ուրմիա և Թեբրիզ են մտցվել լրացուցիչ ոստիկանական ուժեր:
Այս միջադեպը շատ հատկանշական է հատկապես ՀՀ-ի ու Արցախի անվտանգության տեսանկյունից: ՀՀ-ի համար կյանքի ճանապարհն՝այլընտրանքային էներգետիկ-տրանսպորտային ուղին անցնում է Իրանի հենց ադրբեջանական շրջաններով՝Արևելյան Ադրբեջան օսթանով(նահանգով), ինչը թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրիչ գործողությունների, գործակալական ցանցի աշխատանքի հետևանքով կարող է խզվել՝հատկապես ղարաբաղյան նոր պատերազմի ժամանակ:


ՀՀ-ի համար շատ կարևոր է Իրանի տարածքային ամբողջականության, ներքին կայունության պահպանումը, քանի որ դրանից է կախված նաև հայ-իրանական և իրանա-ղարաբաղյան սահմանի անվտանգությունը: Պանթուրքիստական կոչերով հակաիշխանական ցույցերը ուղղորդվում են մի քանի կենտրոններից՝Թուրքիայից, Ադրբեջանից, Իսրայելից ու Սաուդյան Արաբիայից: 
Այդ երկրները՝թուրք-ադրբեջանական տանդեմը պանթուրքիզմի լույսի ներքո, Իսրայելը՝իրանական ռեժիմը թուլացնելու ու Իրանը մասնատելու, իսկ Սաուդյան Արաբիան՝Իրանի ազդեցությունը սեփական շիաբնակ Արևելյան նահանգում որևէ ձևով հակազդելու և Իրանի վրա ազդեցության սեփական լծակներ ունենալու տրամաբանությունից:


Վերոնշյալ երկրների հատուկ ծառայություններն ակտիվորեն քարոզում են պանթուրքիստական, անջատողական, հակաիրանական տրամադրություններ՝փորձելով այդ շրջանի ադրբեջանցիների, ինչպես նաև Իրանի հյուսիսի քրդերի մոտ տարածել անջատողական տրամադրություններ այսպես կոչված Մեծ Ադրբեջան՝Ադրբեջանի Հանրապետության և իրանական Արևելյան ու Արևմտյան Ադրբեջանների միացման, ինչպես նաև Մեծ Քրդստանի՝իրաքյան, թուրքական, սիրիական,իրանյան հատվածների միավորման ուղղությամբ: Քրդերի հետ հիմնականում աշխատում են Սաուդյան Արաբիան ու Իսրայելը, քանի որ Անկարայի ու Թեհրանի համար քրդական անջատողականությունն ունի միևնույն վտանգն ու նրանք տարիներ շարունակ միասին համագործակցել են քրդական անջատողականության դեմ:

 

ՀՀ-ի կենսական շահերից է բխում Իրանի պահպանումն այսօրվա սահմաններում, քանի որ Իրանի հյուսիսում հակահայկական, պանթուրքիստական, պանիսլամական, պանազերիական նոր սուբյեկտի ստեղծումն ավելի մեծ գլխացավանք կլինի, քան անգամ հայ-թուրքական փակ սահմանն ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: ՀՀ-ը չպետք է շրջապատվի թյուրքական օղակով հարավից, այսինքն Իրանի տարածքային ամբողջականությունն ՀՀ-ի համար նույնքան կարևոր է, ինչքան Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

 

Արտյոմ Բալասանով