Անցյալ օրերին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ պատվիրակությունը մեկը մյուսի հետևից արձագանքեցին Հայաստանում ծավալվող գործընթացներին՝ դատապարտելով բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը, ցուցարարներին կոչ անելով ձեռնպահ մնալ բռնի գործողություններից, իսկ Հայաստանի իշխանություններին՝ իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն և պահպանել համաչափության սկզբունքը:
Եթե անկեղծ, ապա ինչպես ինձ, այնպես էլ, համոզված եմ՝ շատ-շատերի համար գուցե տասներորդական նշանակություն ունի, թե ինչպես են վերաբերում կամ գնահատում իմ երկրի ներսում ստեղծված իրավիճակն այլ երկրները կամ միջազգային կառույցները, որքան էլ դրանք կարևոր լինեն հատկապես Հայաստանի արտաքին իմիջի ձևավորման համար: Նման պարագաներում այսպիսի արձագանքները կամ գնահատականներն ընդամենը քաղաքական հարթության մեջ են և անգամ ամենասրտառուչ կամ օբյեկտիվ ձևակերպումների դեպքում էլ դարձյալ մեր պետության և հասարակության օգտին չեն առաջին հերթին:
Ինձ համար շատ ավելի էական է իմ երկրում տիրող իրավիճակի հանդեպ իմ հասարակության ողջամիտ կեցվածքը, նրա ներսում թշնամանքի, ատելության ու բևեռացման դրսևորումների՝ ամեն կերպ բացառումն, առաջացած ճգնաժամերը խոհեմությամբ հաղթահարելու հակառակորդ կողմերի տրամադրվածությունն ու ունակություններն, իշխանության, իրավապահ մարմինների կողմից սեփական քաղաքացու իրավունքների հարգումը և փոխադարձաբար հասարակության կողմից պետության և օրենքի գերակայության ընդունումն ու բոլորի կողմից որպես սրբության սրբոց պահպանումն, ավելորդ զգացմունքայնության զսպումն ու որևէ ապօրինության, խուլիգանության, ցնցումների բացառումը...այս շարքը երկար կարելի է շարունակել...
Այո, միջազգային հանրության արձագանքները կարող են ազդել մեր պետության արտաքին իմիջի ձևավորման վրա, բայց այդ արձագանքներից զատ, մեր երկրի իմիջի վրա շատ ավելի առարկայական ազդեցություն, անշուշտ, ունի մեր վերաբերմունքը միմյանց և մեր իսկ խնդիրների նկատմամբ. ի վերջո, դրանց կարգավորման մեր եղանակներն ու կարողություններն են հենց ազդում նույն այդ միջազգային արձագանքների մշակման վրա...
Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց «փոքրիկ» Հայաստանը շատ մեծ ընտանիք է, որտեղ բոլոր խնդիրները պետք է լուծվեն՝ ինչպես հարիր է իսկական հայ ընտանիքին՝ սիրո, հարգանքի և փոխադարձ ըմբռնման և զիջումների հիման վրա...
Արմեն Պետրոսյան