Վերջին մի քանի օրերին հասարակության ուշադրությունը բևեռված է Երևանում ծավալվող իրադարձություններին:


Իրավիճակի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել քաղաքական և հանրային, մշակութային դեմքեր: Չփորձելով ավելորդ որակումներ և գնահատականներ հնչեցնել, քանի որ չունեմ դրա բարոյական իրավունքը, ներկայացնեմ մի քանի մոտեցում:


Պետք է փաստենք, որ զինված հարձակում է եղել ՊՊԾ գնդի վրա, որը կարևորագույն օբյեկտ է, արդեն մի քանի օր է՝ ներսում պատանդներ կան, թեև այս օրերին տեղեկություններ են եղել, որ զինյալները պատանդներին լավ են վերաբերվում, սակայն դրանից երևույթի էությունը չի փոխվում:


Գնդի գրավմանը հաջորդած հանրային ալիքը, որը ծավալվել է Խորենացի փողոցում, օրեցօր վերածվում է «քոսային սեկտորի»: Նախ, ցույցերը չունենք կազմակերպիչներ, հստակ կուրացիան բացակայում է: Մի տեսակ սպոնտան, անհայտ դեմքեր անհասկանալի և ոչ ադեկվատ ելույթներ են ունենում, ինչը, բնականաբար, աստիճանաբար հիասթափություն է առաջացնում ցուցարարների շրջանում: Այլ կերպ ասած՝ Խորենացիում տիրում է «բարդակխանա». ուղիղ եթերով հնչող ամենատարբեր հայհոյանքներ, անկազմակերպ վիճակ, «քյառթու» տաքսիսիտներ:


Ստեղծված իրավիճակը պատային է ոչ այնքան իշխանության, որքան զինյալների համար, որովհետև իշխանությունը, անկախ ամեն ինչից, չի կարող տևական ժամանակ թողնել կարևոր ռազմական նշանակության տարածքը անվերահսկելի և թույլ տալ, որ երկրի ներսում պատանդներ լինեն, դա կխոսի այն մասի, որ պետությունն ուղղակի բացակայում է:


Հ.գ. Հանրության գործողություններում, ինչ խոսք, ցասում կա, բայց նշեմ, որ ամբոխը կոնկրետ գործողությունների չի գնում, կարծես կարեկցում է գնդում գտնվողներին, բայց չի աջակցում նրանց:

 

Արմեն Հովասափյան