Այս օրերին Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող անտարբեր թողնել ոչ մի քաղաքացու: Բոլորս սրտատրոփ սպասում ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: Անկախ ամեն ինչից, պետք է անել ամեն ինչ՝ նոր զոհերից խուսափելու համար:
Ցավոք սրտի, անգամ նման իրավիճակում հայտնվում են մարդիկ և խմբեր, որոնք փորձում են կրակի վրա յուղ լցնել և հնարավորինս սրել իրավիճակը: «Ընդդիմության միասնական շտաբ» անունը կրող մի նախաձեռնություն տարածել էր հայտարարություն, ըստ որի ոստիկանությունը պատրաստվում է գրոհի և այդ պատճառով անջատել են գունգը վերահսկող մարդկանց հեռախոսները: Կոչ է արվում քաղաքացիներին հավաքվել Էրեբունու տարածքում:
Նախ անհասկանալի է, թե կապի հնարավոր բացակայության ընթացքում ինչպես է հաջողվել տեղեկություն հասցնել «Ընդդիմության միասնական շտաբ» կոչվածին այդ մասին և հետո, ինչպես կարելի է նման սադրանքների դիմել: Նման իրավիճակում բոլորս պետք է զգոն լինենք և հասկանանք, որ ցանկացած ոչ ճիշտ խոսք կամ քայլ անգամ կարող է բերել շատ լուրջ հետևանքների: Ի վերջո նժարին մարդկային կյանքեր են դրված:
Տիգրանուհի Դավթյան