«Isna» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիային սահմանակից Խոյի շրջանի պատգամավոր Սեյյեդ Թաղի Քաբիրին, նշելով, որ Թուրքիայի հետ սահմանակից լինելու պատճառով, նաև քաղաքական և անվտանգության հարցերի նկատառումներով Խոյի շրջանում Թուրքիայի հետ սահմանը փակված է, դադարեցված են սահմանային երթևեկությունները, ընդգծել է, որ այս պահին սահմանը գտնվում է ուժեղ հսկողության տակ, ապահովված է սահմանակից այս շրջանի բացարձակ անվտանգությունը:

 


Խոյը ներկայացնող պատգամավորի խոսքերով չնայած սահմանին որևէ հատուկ խնդիր այս պահին գոյություն չունի, սակայն իրանական կողմն իր ռազմական և անվտանգության ուժերը սահմանի վրա բերել է մարտական պատրաստության վիճակի' պահելով իրավիճակը ռազմական վերահսկողության տակ:
Այսօր' ավելի վաղ, Արևմտյան Ատրպատական նահանգի անվտանգության ապահովման խորհուրդը, հաշվի առնելով Թուրքիայում ստեղծված հատուկ իրավիճակը, հրավիրել էր հատուկ նիստ' սահմանապահ զինված ուժերը մարտական պատրաստության բերելու նպատակով:
Այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանի իրանական հատվածում իրականացվում է խստացված ռազմական հսկողություն:

 

Արտյոմ Տոնոյան