Կառավարության որոշմամբ ֆրանսիական «Սաֆեժ» ԲԲԸ-ին թույլատրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ ծրագրերով իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությունը: «Սաֆեժ» ԲԲԸ-ն ունի ճարտարագիտության, շինարարության, արդյունաբերության որակավորման մասնագիտական կազմակերպությունից տրված վկայական, որով հավաստվում է, որ ընկերությունն ունի համապատասխան տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորություններ:
«Սաֆեժ Էս Ա և Էպտիսա» համատեղ ձեռնարկությանը դեռ 2012թ. վերապահվել է վերակառուցվող Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների շինաշխատանքի որակի տեխնիկական հսկողության գործառույթը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցը կառավարության նիստում ներկայացնող տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հանձնարարել է պարզել, թե ինչո՞ւ է դանդաղում ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար:
Անահիտ Գրիգորյան