ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները Հայաստանի համար առավելապես կարևոր են Ռուսաստանի հանդեպ այդ ռազմական դաշինքի ու ԵՄ անդամ պետությունների կողմից վարվելիք քաղաքականության հստակեցման համատեքստում: Վեհաժողովի ամփոփիչ փաստաթուղթը հստակ սահմանում է Ռուսաստանի հանդեպ ունեցած պահանջները:
Թեև դրանում ասվում է նաև պաշտոնական Մոսկվայի հետ բոլոր խնդիրները բաց և թափանցիկ քննարկման արժանացնելու պատրաստակամության մասին, այդուհանդերձ, հասկանալի է, որ ռուսաստանյան իշխանությունների և արևմտյան առաջնորդների միջև հակասություններն անհաղթահարելի բնույթ ունեն, քանի որ, օրինակ, ՌԴ կողմից Ուկրաինայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունը Բրյուսելի տեսլականին համաձայն վերականգնելու հեռանկարն առավել քան մշուշոտ է և կարող է իրականություն դառնալ բացառապես այն դեպքում եթե Ռուսաստանն ինքը ռազմաքաղաքական ու տնտեսական կոլափսի ենթարկվի:
Դա լավ են հասկանում նաև Բրյուսելում և, ելնելով այդ իրողությունից, Ռուսաստանի հանդեպ զսպման կոնկրետ մեխանիզմներ ներդնելու ծրագրեր են նախապատրաստվել ու մասամբ իրականացվել: Քանի որ այդ նոր մոտեցումների շրջանակն իր մեջ է ներառում նաև Վրաստանի հետ համագործակցության խորացումը պաշտպանության ու անվտանգության ոլորտներում, ապա ՌԴ ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն բախվելու նոր քաղաքական, ռազմական ու տնտեսական մարտահրավերների:
Արման Մելիքյան