Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան հետեւյալ գրառումն է կատարել.
«Բնությունը հերթական անգամ տհաճ անակնկալ մատուցեց: Հուլիսի 10-ից 11-ի գիշերվա կարկուտը, որ ուղեկցվում էր ուժգին հողմով, էական վնաս է պատճառել Էջմիածին քաղաքին: Վնասվել են տասնյակ շենք-շինություններ, ցանքատարածություններ, ջերմոցային տնտեսություններ:
Քաղաքային իշխանության պարտքն ու պարտականությունն է հնարավորության սահմաններում էջմիածնեցուն օգնելը: Հենց գիշերվանից քաղաքապետարանի համապատասխան բաժինների մասնագետներն անցել են գործի: Կատարվում է փաստագրում, պատճառված վնասի չափի գնահատում: Ճշգրտված տվյալների հիման վրա կկազմվի փաստաթուղթ եւ կդիմենք պատկան մարմիններին' մեր պետությանը' քաղաքացիների վնասը հատուցելու խնդրանքով:
Ցավոք, մեր քաղաքն այս տարի արդեն մի քանի անգամ է տուժում բնական աղետից: Մայիսի հողմից էլ բազմաբնակարան շենքերի եւ համայնքային, պետական նշանակության կառույցների տանիքներ էին վնասվել: Մենք, համայնքային բյուջեի համեստ հնարավորություններով, վնասված տանիքների մեծ մասը վերանորոգել ենք: Սակայն, թերեւս, առանց պետական աջակցության չկարողանանք փոխհատուցել աղետյալ մեր բոլոր քաղաքացիներին»:
Կից ներկայացվող տեսանյութում էլ փաստերն են, որ իսկապես կարկուտն ահռելի վնաս է պատճառել։