«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը օրեր առաջ հանդես եկավ «Վարժապե՛տ, ես գնացի» երաժշտական ներկայացմամբ (մյուզիքլ): Այն ազգային արվեստի մեկնաբանման նոր մոտեցում էր: Ներկայացումը, որի ստեղծման համար հիմք է ծառայել Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը, կառուցված էր երգ ու պարի, շարժման ու խաղի միջոցով: Աշխատանքային, սիրային, հարսանեկան ու ռազմական տեսարանները զարգանում էին համապատասխան երգերի ու պարերի միջոցով: Երգերից մի քանիսը «Կայթ»-ը բեմից հնչեցնում էր առաջին անգամ: Ներկայացման մեջ «Կայթ»-ը բեմ հանեց նաև մի պար և խաղ, որ վերջերս խումբն է գրառել կրողից' Պետիկ Գասպարյանից:
Հանդիսատեսի առջև բացվեց այն միջավայրը, որտեղ մեծացել էր գլխավոր հերոսը' Մախլուտոն, և որի ճանաչումն էլ մղում է նրան հետագայում պաշտպանելու այն' վերջին դասին ձայնելով' «Վարժապե՛տ, ես գնացի»:
Ներկայացման հերոսը գնաց միանալու ժողովրդի պաշտպանությանը լծված արաբոներին, քանի որ, ինչպես միջոցառման բնաբանն էր հուշում, «մինչ ցորյանի հատիկ չմեռնի, հունձք չկա»:
Ներկայացումից օրեր առաջ խումբն այցելել էր Մախլուտոյի գերեզմանին, նրա հիշատակը հարգելու, նրա ունեցած դերը ազգային - ազատագրական գործում արժևորելու և հերոսի օրհնությունը ստանալու համար:
Այն հարցին, թե արդյոք սա առաջին հայկական ավանդական մյուզիքլն է, «Կայթ»-ի գեղարվեստական ղեկավար Կորյուն Դավթյանը պատասխանեց.
- Գուցե որոշ մարդիկ արել են, մենք տեղյակ չենք, չսխալվելու համար չասենք, որ առաջինն է, բայց մեզ մինչ այս նման ձևաչափով չի հանդիպել:
«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Կորյուն Դավթյան, խմբավար՝ Տաթևիկ Շախկուլյան) ստեղծվել է 2014 թ.-ին: Ներկայացմանը, որ խմբի անդրանիկ մենահամերգն էր, «Կայթ»-ը մասնակցում էր իր երգ ու պարի խմբի երկսերունդ կազմով և նվագախմբով:
Ալետա Հակոբյան