Հաճախ լրատվական տիրույթում հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնք ունիկալ բացահայտում են դառնում մեզ համար: Վերջիններս ծանր թեմաներն այնպիսի պրիմիտիվությամբ են մեկնաբանում, կարծես իրենց հարևանի հետ գարեջուր խմելուց լինեն: Հանրային դաշտում քննարկումներն ու հարևանի հետ քաղաքականությունից խոսելը իրարից բավականին տարբերվում են:
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի՝ քառօրյա պատերզամի ու հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցազրույցը կարդալիս այնպիսի տպավորություն էր, կարծես այս մարդը պլանավորված եկել էր ծաղրելու և՛ մեզ, և՛ իրեն:

 


Անդրադառնալով քառօրյա պատերազմին, ասում է. «Պուտինը ոչ միայն տեղյակ չէր, իր արածն էր: Էդքան կապում են Թուրքիայի հետ, էդ կարճ պատերազմը, նույնիսկ պատերազմի ձեւը, եթե իր արածն էլ չէր…մտրակի եւ մեղրաբլիթի ռուսական քաղաքականությունն էր»:
Հետո էլ լրագրողների այն հարցին, թե կո՞ղմ է եղել ԵԱՏՄ-ին, պատասխանել է, որ կողմ է եղել, հիմա էլ է կողմ, որովհետեւ «մենք առանց Հյուսիսի չենք կարող»: Իսկ հարցազրույցի վերջում նշում է «Ո՞վ է ասում ռուսները դավաճան են, բոլորն են իրենց շահերի համար անում, մենք էլ ենք մեր շահերի համար անում: Բա ռուս զինվորը ինչի՞ պիտի գա ստեղ զոհվի մեր համար»:

 


Հիմա հարց... ինչ է ուզում այս ձյաձը մեզանից: Ո՞վ կարող է թարգմանել նրա հարցազրույցը: Սկզբում քննադատում է ռուսներին, ապա համոզում է, որ առանց Ռուսաստանի մենք կորած ենք,: Այդ 3-4 րոպեների ընթացքում, երևի Ալեքսանյանի հոգում սկսեցին խոսել կոմունիստական մուրճն ու մանգաղը կամ էլ հիշեց, որ ամեն դեպքում իշխանության ներկայացուցիչ է ու սկսեց ժողովրդական լեզվով ասած հեքիաթային «կռուտիտը»: Չգիտես ինչու՞ շատերի համար Ռուսաստանը վատն է մինչև այն պահը, երբ հիշեցնում են, որ կողմ են քվեարկել ԵՏՄ-ին: Դրանից հետո բոլորը հետ են կանգնում, ասելով, թե ո՞վ է ասել, որ ռուսները վատն են: Այսպիսի մի առեղծվածային ու մոգական բան է պարունակում իր մեջ այդ արտահայտությունը: Հիմա դրա օրինակն այս մարդկության կողմից մոռացված պարոնն է:
Այս հարցազրույցը կարդացի, հիշեցի «Մեր Բակը» ֆիլմի Հրանտի էպիզոդը, որ ասում է. «Ո՞ր Արմենին եք ուզում, 2-րդ մուտք, 2-րդ հարկ, 15 բնակարա՞ն, ես չեմ ճանաչում այդպիսի մարդ»:

 

Մանե Վարդանյան