Լարսի անցակետը փակ է, փակ է նաև Հայաստանի շնչառությունը։
Մի ամբողջ երկրի տնտեսություն և կյանք կարող է կանգնել մեկ այլ երկրի ընդամենը մեկ անցակետի փակ լինելու պատճառով, և եթե մի կողմ դնենք դրա փակվելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, կենտրոնանք այն խնդրի վրա, որ մեզ արտաքին աշխարհին կապող առանց այն էլ նվազ կոմունիկացիաները գոնե նորմալ չեն գործում և նման տեխնիկական վտանգներից ապահովագրված չեն, ապա կհասկանանք մեր խեղճությունը և մեզ արտաքին աշխարհից մեկուսացնելու հեշտության աստիճանը։
Իհարկե մեր վատ կոմունիակացիաների՝ ցամաքային, օդային և այլ ճանապարհների խնդիրը կապված է երկու հարևանների հետ փակ սահմաններ ունենալու հետ, ԲԱՅՑ մենք գոնե լավ գիտենք, որ թուրքերը մեզ չեն խանգարում հայաստանյան որակյալ ճանապարհներ ունենալ, կամ ասենք երկրորդ շնչառություն բացել և Իրանի հետ երկաթգծի նախագիծը կյանքի կոչել, մենք լավ գիտենք, որ մեզ այդ որակի կոմունիկացիաներ ունենալու գործում խանգարում են ճանապարահաշինության միջոցներն անխնա թալանողները։
Մյուս կողմից Հայաստանն աշխարհին կապող օդային ճանապարհը հավանաբար աշխարհի ամենաթանկ օդային ճանապարհներից է, մի թե կարելի է ավիատոմսերի նման չտրամաբանված գներ սահմանել, երբ հարևան երկրում մեր քաղաքացիներն այդ նույն ավիաուղիներից օգտվում են գրեթե կրկնակի ցածր գներով, թե իսկապես կարծում եք, թե մեր օդն «էլիտար» է կամ որ էլիտար օդանավակայանը կարող է նման բարձր գների հիմնավորում լինել։
Մի խոսքով, մենք այն երկիրն ենք, որի հարցերը կարող են լուծել ընդամենը մեկ անցակետ փակելով, ահա թե որքան թույլ պետություն է Հայաստանը։
Կարեն Համբարձումյան