Պատմությունը, հոգատար բարեկամի բարյացակամությամբ, ինչպես անհատների, այնպես էլ ազգերի համար միշտ առանձնացնում է տարբեր ժամանակահատվածներ, որոնք բարենպաստ լինելով այդ ազգերի կամ պետությունների համար, նոր հնարավորություններ են ընձեռում առաջ շարժվելու,այլ խոսքով՝ ամրապնդվելու, հզորանալու․․․ մեջքը շտկելու համար։ Նորաստեղծ ՀՀ պետության համար այդպիսի բարենպաստ ժամանակահատված էր ելցինյան ղեկավարման տարիները, որը ՀՀ կառավարությունն օգտագործեց զուտ անձնական նպատակներով՝ փոշիացնելով մինչ այդ ժողովրդի քրտինքով ստեղծված հսկա արդյունաբերական համալիրները՝ մաս-մաս և ջրի գնով այն վաճառելով հարևաններին։ Պատմությանը հայտնի չէ նման բան, երբ որևէ երկիր ոչնչացնի իր ամբողջ արդյունաբերությունը, որն արտադրում էր ավտոմոբիլներ, հաստոցներ, հրթիռների մասեր․․․ և այլն․․․

 

Պատմությանը հայտնի չէ նաև այնպիսի մեկ այլ կառավարություն, որը պատերազմի տարիներին հովանավորի պատերազմը հաղթող հրամանատարներին և զինվորներին ֆիզիկապես չեզոքացնողներին․․․ Բարենպաստ մեկ այլ ժամանակահատված էր, երբ Ռուսաստանը սկսեց Ղրիմի այս անգամ խաղաղ վերագրավման և Ուկրաինայի վերաբաժանման գործընթացը, որից անմիջապես հետո գրեթե ամբողջ աշխարհը ըմբոստացավ Ռուսաստանի դեմ և որը, ոչ նախկին թափով, շարունակվում է մինչ օրս․․․ Սակայն ՀՀ կառավարությանը չէր հետաքրքրում ՀՀ սահմանների անվտանգության, բանակի վերազինման, կարգապահության բարձրացման և տնտեսության ակտիվացման հրատապ խնդիրները․․․ Դրա փոխարեն կառավարությունը նոր վարկեր էր վերցնում եվրոպական բանկերից այնպիսի պայմաններով, որոնք պարզապես զրկում էին կառավարությանը այդ խնդիրներին ուշադրություն դարձնելու ձգտումից, քանզի գլխավոր խնդիրը այդ վարկերը համատեղ՝ տերերի հետ, յուրացնելն էր․․․

 

Ոտքի կանգնած Ռուսաստանի հետ շատ ավելի բարդ է լինելու, գուցեև անհնար, քան երբ այդ երկիրն իսկապես մի դաշնակցի կարիք ուներ, երբ ամբողջ աշխարհը հայհոյում ու սպառնում էր նրան․․․ ԵՎ այս ամենը կատարվեց և կատարվում է օրը ցերեկով Հայ հասարակության աչքի առաջ։ Այսինքն՝ այս քսանհինգ տարիների ընթացքում հասարակությանը զրկեցին իր արդյունաբերությունից, որը ցանկության դեպքում դժվար չէր վերազինել ու զարգացնել, որը կատարվեց Ռուսաստանում, ժողովրդին զրկեցին իր անձնուրաց պաշտպաններից՝ փոշիացնելով ցանկացած ընդդիմություն և սեփականացնելով հաղթանակը, ոչ մի իրական քայլ չարվեց բանակում կարգապահության բարձրացման համար, որի արդյունքում հարյուրավոր զոհեր եղան զինադադարի տարիներին, և նույնը շարունակվում է․․․

 

Վերջապես, ընդդիմության վերջին շարքերը բնաջնջելու համար իշխանությունը հաջորդ տարվա ընտրություններում լիակատար հաղթանակ տանելու համար ստեղծեց մի քանի նոր կուսակցություններ, որոնց միջոցով ընդամենը երկու տասնամյակում փոշիացվեց այն բոլոր մարդկային լավագույն հատկանիշները, որոնց առկայության դեպքում մարդ կոչվում է իր երկրի հոգսերով ապրող քաղաքացի․․․ Վերջապես, այս բոլոր կառավարությունների գլխավոր հենարանը հասարակությունն է, որի մեծ մասը չի ցանկանում օրինականություն, քանզի գրեթե բոլորն էլ լինելով կուսակցական, անհամբերությամբ սպասում են իշխանության իրենց հերթին, որ մեկ-երկու տարվա ընթացքում դառնան միլիոնատերեր, որն անհնար է օրինական պետության դեպքում․․․

 

Արմեն Հովասափյան