Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական ինքնությունն, ըստ էության, խարսխված է նաև երկու որոշիչ հիմնասյուների վրա՝ հակահայկականության և հակաիրանականության, որոնք դրսևորվում են տարբեր մակարդակներում:
Միայն այս երկու օրերին ֆեյսբուքյան ադրբեջանալեզու տիրույթի օգտատերերը իրենց քննարկումներում ռուս-թուրքական հաշտեցման կապակցությամբ և Էրդողանի՝ «Իսլամական պետության» հետ կապի մասին լուրի ֆոնին արել են նման գրառումներ՝ «Այս հաշտությունից ամենաշատ տխրողը հայերն ու պարսիկներն են», «Ամոթ է, մոռացե՛ք, այսպիսի զրպարտություն միայն հայ ու պարսիկ լակոտները կարող էին անել»:
Ասվածի համատեքստում հետաքրքրական է, որ Ադրբեջանում համաթյուրքականության ջատագովների և ազգայնական շրջանակներում տարածված է «Rus, fars, erməni - bunlar türkün düşməni» - «Ռուս, պարսիկ, հայ՝ սրանք են թուրքի թշնամին» հանգավորված կարգախոսը, որտեղ ռուսները ևս որպես թշնամիներ հավասարեցված են պարսիկներին և հայերին:
Վարդան Ոսկանյան