Անհայրենիք մարդը նման է անտուն , վարձով բնակվող մարդուն: Ինչպես վարձով բնակվող մարդուն երբ ցանկանա տանտերը կարող է տանից հանել, այնպես էլ անհայրենիք մարդուն , երբ ցանկանան կարող են վտարել օտար երկրից: Տարիներ առաջ, երբ սրվեցին Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները, ես բնակվում էի ՌԴ-ում, ու իմ քաղաքում մեկ գիշերվա մեջ հանեցին վրացիներին:

 

Այլևս արգելեցին դպրոց հաճախել վրացական ազգանուններ ունեցող երեխաներին: Շուկայում, առևտրով զբաղվող վրացիները մեկ երկու օրվա մեջ վաճառեցին իրենց տարածքները , կամ այդպես էլ առանց վաճառելու գնացին: Անհավատալի բան կատարվեց, երկու - երեք օր հետո այդ քաղաքում այլևս ոչ մի վրացի չմնաց... Հայաստանի ներքաղաքական կյանքը հեռու է անգամ բավարար լինելուց, Հայաստանի տնտեսական կյանքը, մեղմ ասած, ահավոր վիճակում է, Հայաստանում կատարվող ալան- թալանն ու կոռուպցիան թիվ մեկ խնդիրն է, բայց դա ինձ հիմք չի տալիս լքելու համար երկիրը: Ես կմնամ, որ թեկուզ հենց այս տիրույթում բարձրացնեմ որոշակի խնդիրներ, ու դրանով նպաստեմ Հայաստանի առաջ գնացող մեկ քայլի մեկ սանտիմետր հատվածին... Իսկ ճակատագրի բերումով դրսում հայտնված հայրենակիցներս այսօր մեծ ուրախությամբ նեցուկ են կանգնում Հայաստանին: Ես դա զգացել եմ ,,Հայոց Հզոր Բանակ,, ծրագրի շրջանակներում:

 

Դրսում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը դեռ հոգով ու սրտով Հայրենիքի հետ է, դեռ մտքին կա Հայրենիք վերադառնալ... Եթե ապրիլյան պատերազմին մենք ՝ Հայաստանաբնակներս , հասանք սահման ,զենք վերցրեցինք, ապա դրսի մեր հայրենակիցները ֆինանսապես, նյութապես ու բարոյապես մեծ օժանդակություն բերեցին Հայաստանին, անգամ կամավորական խմբեր եկան... Հայաստանից գնալիս երբեք պետք չէ ընդունել նեղացկոտի կեծվածք ու մաղձը թափել երկրի վրա: Հիշեք, որ եթե մի օր հետ չգաք ապրելու Հայաստանում , ապա գոնե կարող է հանգչեք մայր հողում կամ մայր հողից մի բուռ հող խնդրել շիրիմի համար...

 

Կարեն Հովհաննիսյան