Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է գնանկում: Ըստ ԿԲ տվյալների՝ ոչ միայն սահմանված 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայքում գտնվող գնաճ չկա, այլև 2016 թվականի մայիսին արձանագրվել է 0,7 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,5 տոկոսի դիմաց: Այս պարագայում, 12-ամսյա գնաճի ցուցանիշը բացասական է՝ 2,1 տոկոս գնանկում: Այս ամենի հետ մեկտեղ պահպանվել են նաև համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաներում հարաբերական կայունությունը:

 


Հաշվի առնելով այս ամենը Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 28-ին որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,5 տոկոս: Ինչպես գիտենք վերջին մեկ տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն 7-րդ անգամ գնաց այդ քայլին: Հայտնի է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Կենտրոնական բանկի կողմից գնաճի զսպման գործիքներից մեկն է: Մյուս կողմից՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը խթանում է տնտեսական աշխուժությունը: Այդ մասին է վկայում այն փաստը, որ ՀՀ-ում հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ:

 


Ըստ Կենտրոնական բանկի, չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, վերջին ժամանակահատվածում ԿԲ և կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, պահանջարկը վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի վկայությունն է առևտրի, ապրանքների ներմուծման, տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը:
Փաստորեն, ցածր գնաճի պարագայում արձանագրվող սպասվածից ավելի բարձր տնտեսական ակտիվությունը լավ պայմաններ է ստեղծել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով խրախուսել վերջինիս:
Այսպիսով, վերոնշյալ գործոնների առկայությունը թույլ է տալիս 0,25 տոկոսային կետով իջեցումը համարել չափից շատ զգուշավոր և փաստել, որ տնտեսական աճին խթանելու բավականին հարմար ներկայիս ժամանակահատվածում այն ավելի մեծ չափով կարելի էր իջեցնել:

 

Արմեն Վարդանյան