Վերին Լարսում ստեղծված իրավիճակին է կառավարության այսօրվա նիստում անդրադարձել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ երկու երկրների համապատասխան նախարարները համատեղ ինտենսիվ աշխատում են: Այնուհետև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը անդրադարձել է մանրամասներին. «Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

 

Վարչապետը նամակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան թռիչքով իրականացրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվի»:


Փոխվարչապետը տեղեկացրել է նաեւ բեռնատար մեքենաների լաստանավերով փոխադրման մասին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ: Նրա տեղեկացմամբ, լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում են, մյուսները նույնպես փոխադրվում են կամ կփոխադրվեն լաստանավային անցումով, որը վարձակալել է «Սպայկա» ընկերությունը: Այս պահի դրությամբ արտահանվել է շուրջ 10 հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է: Վաչե Գարբրիելյանը տեղեկացրել է, որ ճանապարհի վերականգնման աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ:

 

Սեդա Ադամյան