Ռուսաստանցի ռազմական փորձագետներից մեկի կարծիքով' Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները կվերսկսվեն, երբ կողմերը պատրաստ լինեն դրան: Եվ սա ասում է ռազմական փորձագետը:
Սովորաբար պատերազմների համաշխարհային պատմության մեջ, անգամ կենդանական աշխարհի և սովորական մարդկանց փոխհարաբերություններում ճիշտ հակառակն է տեղի ունենում: Եթե դիմացինդ պատրաստ է հարձակմանդ և կարող է նույն ցավի հակահարված տալ, ապա պետք է առնվազն դեբիլ լինել, որ հարձակվես' գիտակցելով, որ դրանով որևէ հարց չի լուծվելու:
Ադրբեջանը հարձակվեց ապրիլին, քանի որ վստահ էր, որ Հայաստանի նկատմամբ ձեռք է բերել ռազմական որոշակի առավելություն: Դա նույնիսկ մեծ գաղտնիք չէր որևէ մեկի համար, այդ մասին Հայաստանի նախագահն է նույնիսկ հարձակումից կես տարի առաջ ասել, որ «մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց», ինչից հետո Ռուսաստանի հետ սպառազինության ձեռքբերման մասին 200 մլն դոլարի վարկային պայմանագիր ստորագրվեց:
Ակնհայտ էր, որ Հայաստանը սպառազինության առումով ունի լուրջ բացեր, ինչից էլ օգտվեց Բաքուն և հասավ որոշ հաջողության, գրավեց, ինչպես պաշտոնապես ասվում է, 800 հեկտար տարածք: Բայց այդ հաջողությունից կարճ ժամանակ անց Ադրբեջանը միանգամից դադարեցրեց ռազմական գործողությունները:
Եթե Հայաստանը պատրաստ չլիներ ռազմական գործողություններին և չունենար այն նվազագույնը, որը հնարավորություն կտար հակագրոհել, ապա կարելի է վստահ լինել, որ Ադրբեջանը չէր կանգնեցնի ռազմական գործողությունները և կգնար մինչև վերջ: Ուստի Ղարաբաղում կվերսկսվեն ռազմական գործողությունները ոչ թե այն ժամանակ, երբ կողմերը պատրաստ լինեն դրան, այլ այն ժամանակ, երբ կողմերից մեկը' տվյալ դեպքում Հայաստանը, դրան պատրաստ չլինի:
Տիգրան Խաչատրյան