Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատացել են: Տեղի են ունենում գործընթացներ, և փորձ է արվում ամեն կերպ բացառել դրանց հանրայնացումը: Ադրբեջանում սկսել են փնտրել մեղավորներ, որոնք պատասխան են տալու Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վատացման համար: Դատելով սուղ տեղեկություններից, որ հասնում է մեզ խիստ գրաքննության տակ գտվող ադրբեջանական մեդիա դաշտից' Բաքվի վարչակարգը այս անգամ փորձում է «քավության նոխազ» դարձնել խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջին' «ջրից չոր դուրս բերելու» համար Իլհամ Ալիևին և նրա կլանին:

 


Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի ագրարային քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էլդար Իբրահիմովը նշել է, որ Իրանի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորների արտահայտած մտքերի պատճառով Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ իրանական կողմը Ադրբեջանի դեսպանից բացատրություններ է պահանջել ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունների առնչությամբ: Սա չափազանց հետաքրքիր տեղեկություն է, եթե հաշվի առնենք, որ ո՛չ իրանական, ո՛չ էլ ադրբեջանական մամուլում այս մասին որևէ լուր չէր շրջանառվել և, դատելով ամեն ինչից, փորձ է արվել դա պահել գաղտնի:

 


Իլդար Մամմեդովը մեղադրել է ԱՀ խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջին երկու երկրների հարաբերությունները փչացնելու համար: Իբրահիմովը այսօր հայտարարել է. «Զահիդ Օրուջի հերոսությունը միայն պետությունների հարաբերությունները փչացնելն է: Խորհրդարանի նախորդ նիստում Զահիդ Օրուջն ասում է, թե Իրանի նախագահը ինչո՞ւ է գնում Հայաստան: Իրանի նախագահը ուր գնում է, թող գնա ...: Եթե ինչ-որ տեղ գնա, Զահիդ Օրու՞ջից պետք է թույլատվություն վերցնի»:

 

Արտյոմ Տոնոյան