Վերարտադրողական առողջությունը միջազգայնորեն ճանաչված է որպես հասարակության և մարդկային զարգացման անհրաժեշտ առանցքային բաղադրիչներից մեկը: Այն շարունակում է մնալ ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այնպես էլ ՀՀ առողջապահության ոլորտի քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, քանի որ բնակչության առողջությունը և հատկապես վերարտադրողական առողջությունը հանդիսանում են պետության և հասարակության անվտանգության ու զարգացման հիմքերը:
Բնակչության վերարտադրողական առողջության իրավիճակը' երկրի սոցիալ-ժողովրդագրական զարգացման, ռազմավարական, սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բաղադրիչներից մեկն է, որի բնութագրական ցուցանիշները թույլ են տալիս գնահատել նաև տվյալ հասարակության զարգացման մակարդակը, իսկ վերարտադրողական վարքագիծն ազդում է հետագա սերունդների առողջության, վերարտադրման առանձնահատկությունների վրա:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հանգեցրին ծնելիության և բնական աճի կրկնակի կրճատմանը, իսկ 90-ական թվականներին հաջորդող տարիներին բնակչության ծանր ապրելակերպն իր անդրադարձն ունեցավ բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության ցուցանիշների վրա:
Հանրապետությունում վերարտադրողական և սեռական առողջության իրավիճակը դեռևս ցածր է ժամանակակից հնարավորությունների և արդիական պահանջների տեսանկյունից: Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարման նպատակով մշակվել է և հավանության է արժանացել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրի որոշման նախագիծը: Նախագծում առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողությունները, մասնավորապես, բարելավել տեղեկատվական բազան' առաջնահերթ խնդիրները որոշելու համար, խթանել առողջապահական համակարգի բարեփոխումները, բարելավել ծառայությունների որակն ու հասանելիությունը և այլն:
Մանե Զաքարյան