Ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի քաղաքական շահերին դեմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եթե ընդունենք, որ նման ջանքեր են ներդրվում, ի օգուտ ադրբեջանի․․․ և հենց այս պատճառով կարճատև պատերազմները անխուսափելի են․․․ Եվրոպայի դիրքորոշումն ամենևին հստակ չէ, քանզի Ռուսաստանի աճող հզորությունը, որն այնքան էլ չի անհանգստացնում ԱՄՆ-ին, իսկ որոշ առումով՝ օգտագործվում է պենտագոնի կողմից, մոլորություն և տարակուսանք է առաջացրել եվրոպական մի շարք երկրներում։ Եվրոպայում պարզապես չեն կարողանում կողմնորոշվել և զուտ իներցիոն մղումներով նրանք առայժմ տուրք են տալիս այն ամենին, ինչը հակառուսական է․․․ Ինչևէ։
Շատերը պետք է որ զարմանան, տեսնելով, թե ադրբեջանը ինչ միջոցներ է ծախսում նոր սպառազինություն ձեռք բերելու համար, որոնց սարքինությունը ստուգում է զորավարժությունների ժամանակ՝ թույլ չտալու ապրիլյան պատերազմի բացթողումները, իսկ ՀՀ կառավարության առաջիկա հնարավոր լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստական ծավալուն միջոցառումների մասին գրեթե ոչ մի տեղեկություն։ Բնականաբար, և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի դիրքորոշումների մասին տեղյակ են ՀՀ իշխանությունները։ Նրանք անգամ գիտեն, որ այս երկու երկրները թույլ չեն տա ադրբեջանին շատ ծավալվել, սակայն նրանք երբեք չեն մտածում այն մասին, թե այդ երկու երկրները ինչքան թույլ կտան ՀՀ բանակին ծավալվել, եթե ՀՀ-ն ունենա նորագույն սպառազինությամբ մարտունակ բանակ․․․ Հակառակը, գրեթե ամեն շաբաթ նոր ցավալի լուրեր են ստացվում բանակում տիրող հակամարդկային, հակապետական բարքերի մասին․․․ Սա հստակ վկայում է, որ ՀՀ կառավարությունը Ղարաբաղի կամ այլ խոսքով՝ սահմանների հետ կապված խնդիրների լուծման բանալին տվել է Ռուսներին, որոնք այն բացահայտ տհաճությամբ են պահում իրենց մոտ․․․
ԵՎ որքան էլ Ռուսները փորձում են ետ վերադարձնել այն, ՀՀ-ն համառորեն չի վերցնում՝ այսինքն՝ չի ցանկանում իր սեփական գումարներով սպառազինել բանակը, իր սեփական միջոցներով ստեղծել մարտունակ բանակ․․․ Ըստ երևույթին, ՀՀ ղեկավարները ինքնահավանորեն կարծում են, որ կարող են նոր վարկեր կորզել Ռուսներից՝ շահարկելով Ռուսների հետ դաշնակից լինելու փաստը, որը բնականաբար, բորբոքում է Ռուսներին, որոնք չեն կարողանում իրենց ուզած ձևով վերահսկել Կովկասը՝ ՀՀ ղեկավարների <> քաղաքականության պատճառով․․․ Բայց որքան էլ ծավալվի ադրբեջանը, եթե նույնիսկ ամեն մի հերթական բախումից հետո առաջխաղացումը լինի մի քանի մետր, այն հերթական ցավալի հետևանքները կունենա մեր երկրի համար․․․
Փաստորեն, ցանկացած միջոցառում, որը շեղում է երկրի կառավարիչների ուշադրությունը գլխավոր խնդրից, այն է՝ իրենց հարստությունը բազմապատկելու հաճելի գործից, նրանց մեջ միայն զզվանք ու ատելություն է առաջացնում։ Արդեն քսանհինգամյա այս քաղաքականության հետևանքն այն եղավ, որ մարդիկ՝ երկրի քաղաքացիները, հաշտվեցին անհաշտելի իրավիճակի հետ՝ քանզի իշխանություններից ազատվելու ելքը գտան։ Այսօր փաստ է, որ ՀՀ բնակչության գերակշիռ մասը ցանկացած պահի պատրաստ է արտագաղթել և պարզապես սպասում է իր ժամին։ ԵՎ երբ մարդ մտածում է մեկնելու մասին, նշանակում է՝ նա իշխանությունների դեմ ոչինչ չի անի, որ երկրից մեկնելիս խոչընդոտներ չհարուցվեն․․․ ԵՎ այսպես՝ <>․․․
Արմեն Հարությունյան