Այն, որ այս քսանհինգ տարիների ընթացքում ոչ մի կուսակցություն այդպես էլ չիրականացրեց լուրջ քաղաքական գործունեություն, և գրեթե բոլորի հիմնական պահանջը իշխանությունների հրաժարականն էր, որն ուղղղորդվում էր հենց իշխանությունների կողմից, վկայում է այն մասին, որ բոլորը ստեղծվել կամ ղեկավարվել են իշխանությունների կամ այլ <<ուժերի>> կողմից․․․ Եթե կուսակցությունը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, որը կարելի էր իրագործել նույնիսկ այն դեպքում, երբ ներկայացված չէ խորհրդարանում, ապա նա ոչ մի դեպքում չի կարող հույս ունենալ, որ ժողովուրդը երբևէ կաջակցի կամ համակրանքով կվերաբերվի նրա նկատմամբ։ Կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնց լուծումը ընդդիմությունը պարտավոր էր պահանջել իշխանություններից։ Այդ խնդիրներից են՝ օրինական հիմունքներով սահմանային շրջանների բնակչության սպառազինումը, քանզի ապրիլյան կարճատև պատերազմը բացահայտ ցույց տվեց, որ այս քսահինգ տարվա իշխանությունները լրջորեն չեն գնահատում իրենց պատասխանատվությունը ինչպես սահմանների, այնպես էլ այդ մարդկանց պաշտպանության նկատմամբ․․․

 

Այլ կարևոր խնդիր էր այնպիսի օրենսդրության ստեղծումը, որն արգելեր գործարար ու հարուստ մարդկանց մուտքը խորհրդարան։ Մեր հասարակության, պետության, կառավարությունների բոլոր ձախողումների, պարտությունների, սոցիալական ծանր իրավիճակի հիմնական պատճառը այս քսանհինգ տարվա խայտառակ ու ամոթալի խորհրդարաններն են, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում ամեն ինչի համար, բայց երբեք պատասխան չեն տվել այն բանի համար, որ պետության բոլոր հնարավորություններն օգտագործել են ընդամենը մի նպատակով՝ անձնական հարստությունը բազմապատկելու․․․

 

Ուրեմն երբ ոմանք զարմանում և հայհոյում են ժողովրդին, թե ինչու հասարակությունը չի պաշտպանում կուսակցական <<դեմքերին>>, երբ իշխանությունները նեղում են նրանց, թող նախ հիշեն, որ այդ դեմքերը որպես քաղաքական գործիչներ չեն զբաղվել քաղաքական գործունեությամբ, և բացի հայհոյելուց և հրաժարական պահանջելուց, ըստ էության գրեթե ոչինչ են արել պետության գործունեությունը օրինական դաշտ բերելու համար․․․ Բուն իմաստով նրանք քաղաքական գործիչներ չեն, ինչպես որ չափազանություն է, երբ գործարար են անվանում այն մարդկանց, որոնք լինելով պաշտոնյա, բազմապատկում են իրենց հարստությունը՝ օգտվելով են պետության ընձեռած հնարավորություններից․․․

 

Արմեն Հարությունյան