Կ. Պոլսի հայոց պատրիարք Արամ Աթեշյանի՝ Հայաստան նախատեսվելիք այցը, տարատեսակ քննադատությունների տեղքի է տվել։ Պատրիարքի նկատմամբ բացասական վերաբերմունքն այնքան է խորացել, որ անգամ նրա այցի օրը նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել և հենց Զվարթնոց օդանավակայանից թույլ չտալ նրան մտնել Հայաստան։ 
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվածնախաձեռնության էջից տեղեկանում ենք, որ հունիսի 22-ին Զվարթնոց օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են թույլ չտալ Արամ Աթեշյանին մուտք գործել Հայաստան։ 

 

«Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը, Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով, ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։

 

Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս՝ սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներս, թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»,- ասված է հայտարարության մեջ։