Իրանում գտնում են, որ Ադրբեջանը փոխարինելի երկիր է, և «Հյուսիս-Հարավ» ծրագրում «միջանցիկ երկիր» կարող է դառնալ հենց Հայաստանը:

 

ԻԻՀ՝ Այսրկովկասի հետ կապված քաղաքական հարցերի մասնագետներից Մանսուր Հաղիղաթփուրը, որ նաև ԻԻՀ 9-րդ գումարման խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ էր, երեկ կատարել է մի հայտարարություն, որը մեղմ ասած Ադրբեջանի ղեկավարության «սիրտն ահ է գցել»:

 

Երեկ Հաղիղաթփուրը, ի պատասխան ՀՀ արտգործնախարար Էդ. Նալբանդյանի' ԻԻՀ այցից հետո Ադրբեջանում սկիզբ առած հակաիրանական շարժման և դրա շրջանակներում Հյուսիս-Հարավ ծրագրում «ադրբեջանական միջանցքի» գործոնով Իրանին սպառնալու, հայտարարել էր, որ Իրանի ազգային շահերն Ադրբեջանի հետ կապ չունեն, Իրանի համար Ադրբեջանի փոխարեն Հյուսիսը Հարավի հետ կապող միջանցք կարող է դառնալ Հայաստանը:

 

Հաղիղաթփուրի այս հայտարարությունից հետո ԱՀ լրատվական դաշտում սկսեցին հայտնվել հոդվածներ, որոնցում նշվում է, որ Ադրբեջանը Իրանի դեմ քայլեր չպետք է կատարի, քանի որ Ադրբեջանի յուրաքանչյուր քայլի հանդեպ Իրանում շատ զգայուն են, և Իրան-Հայաստան համագործակցության արդյունքում Ադրբեջանը կարող է շատ բան կորցնել՝ Իրանի հետ բարեկամանալու փոխարեն հակաիրանական դիրքորոշում ընդունելով:

 

Ադրբեջանական կայքերում տարածվող այս քարտեզը հուշում է, որ Ադրբեջանում շատ լավ են հասկացել իրենց հասցեին արված իրանական կոպիտ զգուշացումը:

 

Արտյոմ Տոնոյան