Ըստ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջի' Ադրբեջանի և արցախահայության խնդիրը համեմատելի է այն բանի հետ, որ Իրանում ապրող «մեկ միլիոն» հրեաները ցանկանան այնտեղ ստեղծել իսրայելական երկրորդ պետություն:

 


Պատգամավորը, անցկացնելով զուգահեռներ Իրան-Հայաստան և Ադրբեջան-Իսրայել փոխհարաբերությունների միջև, «նկատել է», որ չնայած Ավիգդոր Լիբերմանի' Իսրայելի պաշտպանության նախարար նշանակվելը ծառայելու է նաև ի շահ Ադրբեջանի «սեփական տարածքները վերադարձնելու հարցում», սակայն դրանով հանդերձ ադրբեջանցիերը Իրանի դեմ իրենց տարածքից ճակատ չեն բացում:
Չնայած, ըստ պատգամավորի, եթե Թեհրանը շարունակի իր այս գործելաոճը (հարաբերություններ պահպանի և զարգացնի Հայաստանի հետ), ապա Ադրբեջանը պետք է էլ ավելի ընդլայնի հարաբերությունները Իսրայելի հետ' ապահովելով վերջինիս ներկայությունը նաև Կասպից ծովում (տեքստից ակնհայտ է, որ, ըստ էության, Իսրայելն Ադրբեջանում արդեն իսկ ունի ցամաքային ներկայություն, ուստի ցամաքի մասին խոսք չկա):

 


Դատելով պատգամավորի ասածներից, մասնավորապես Իրանի դեմ հնչեցրած սպառնալիքներից' տպավորություն է ստեղծվում, որ Արցախը անկախության է հասել իրանական զենքի, բանակի և դիվանագիտական օժանդակության շնորհիվ, բացի այդ էլ Ադրբեջանի դեմ իր տարածքից ճակատ է բացել' այն դնելով հայկական զինված ուժերի տրամադրության տակ:

 

Արտյոմ Տոնոյան