Այսօր մեր երկիրը մոտենում է մի իրավիճակի երբ ներքաղաքական կյանքը աստիճանաբար ենթարկվում է սերնդափոխության և քաղաքական նոր ուժերի ձևավորման, սակայն դա չի նշանակում, որ ներկայիս իշխանությունները և ընդդիմադիր ուժերը դադարելու են ունենալ իրենց ներազդեցութունը երկրի կառավարման գործընթացում, ինչպես նաև պետության վճռորոշ դերակատարություն մեջ։ Ցանկացած ուղղվածության (Ռուսաստանյան, Արևելյան, Արևմտյան և այլ...) ուժեր' ամեն կերպ և ամեն գնով ձգտելու են ունենալ իրենց պատվիրակությունը ու ներկայությունը' մոտ ապագայում մեր երկրում ձևավորվող քաղաքականության մեջ և այժմ բոլորի հիմնական նպատակն է' հնարավորինս շատ և խորապես ամրապնդվել քաղաքական և իշխանական կուլիսներում, հատկապե՛ս այս պահին' երբ մեր երկրի նոր Սահմանադրությամբ ու պետական կառավարման նոր մոդելով հաղթողը ստանալու է ամեն ինչ, կա՛մ ոչինչ։

 

Բոլորի համար էլ արդեն պարզ է դարձել այն հանգամանքը, որ սպասվող գալիք խորհրդարանական ընտրություններում' հաղթող կողմերը կմնան իշխանության մեջ երկարատև կա՛մ էլ անփոփոխ' քանի որ ժողովուրդը այսուհետ սահմանափակված է լինելու իր կողմից հավանության ու համակրության արժանացրած թեկնածուների ընտրության իրավունքից, իսկ հիմնական սահմանափակումներ սկսել էին դեռ վաղուց, երբ ՀՀ քաղաքացիները սկզբից զրկվեցին ՏԻՄ ընտրություններում վարչական շրջանների ղեկավարներին ընտրելու իրավունքից, նպաստելով իշխանություններին ավելի կենտրոնացնել ու կոորդինացնել իրենց ներազդեցութունը և հսկողությունը ընտրություններում մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վրա։ Ելնելով վերոգրյալից` կարելի հասկանալ, թե որքանով է կարևոր և նշանակալի 2017թ-ին սպասվող ընտրությունները Հայաստանի հետագա կենսունակության զարգացման համար։

 

Չկա որևէ մեկը, ով նոր օրենսդրության համաձայն կցանկանա հանուն մեր երկրի և ժողովրդի դառնալ պատգամավոր և ստիպված չլինի ներգրավված լինելու որևէ կուսակցության կազմի մեջ, որը արդեն իսկ խոսում է այն մասին, որ ցանկացած ժողովրդի պատգամ ներկայացնողը' առաջնահերթ ստիպված է լինելու ներկայացնել կուսակցության շահերը, այն կուսակցությունների' որոնք քիչ թե շատ, ամենքը իր մեղքի բաժնի չափով երկար տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիներին հասցրել է հիասթափության և ուղղորդել են դեպի աղքատության և արտագաղթի, իսկ Հայաստանը հասցրել են ներկայիս իրավիճակին։

 


Այնուամենայնիվ մենք պետք է համախմբվենք այն ուժերի ներքո և գաղափարների շուրջ' որոնք մեզ չեն ստիպի հետագայում երանի տալ անցյալին, կվերադարձնեն մեր բոլորիս հույսն ու հավատը դեպի բարեկեցիկ ապագա, ապագա որում ծնողները ստիպված չեն լինի իրենց երեխաների հանապազորյա հացը վաստակել օտար ափերում, ապագա որում ՀՀ քաղաքացիները իրենց աշխատանքի դիմաց կստանան արժանավայել աշխատավարձ և մատչելի բուժ օգնություն, իսկ երիտասարդները գումարի բացակայության պատճառով ստիպված չեն լինի կիսատ թողնել իրենց ուսումը և ճարահատույց չեն հեռանա իրենց Հայրենիքից, ապագա որում ամբողջ կյանքները տանջանքով ու քրտնաջան աշխատանքով թոշակառու դարձած տարեցները' ստիպված չեն լինի մի կերպ գոյատևել իրենց խղճուկ ու փոքրիկ թոշակով, ապագա որում Հայաստանից մեկնող մարդիկ' ստիպված չեն լինի օդանավակայանում հայհոյել Հայաստանը, այլ հակառակը հպարտությամբ կասեն.
- Ես Հայ եմ, ես սիրում եմ իմ Հայաստանը և ես կվերադառնամ իմ Հայաստան...

Էմիլ Մարկոսյան