Ընդամենը մի քանի ժամ անց կմեկնարկի միլիոնների սիրելի տոներից մեկը, որ պայմանականորեն, ավելի ճիշտ՝ խիստ պայմանականորեն կարելի է անվանել նաև «տղամարդկանց միամսյակ»: Ովքեր տեղյակ են, միանգամից կռահեցին, իսկ անտեղյակներին էլ զգուշորեն շշնջանք, որ խոսքը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասին է:

 

Կարճ ասած՝ օլե, օլե, օլե՜… Եվ ուրախ են բոլորը՝ ֆուտբոլասերները, գարեջուր և ուղեկից աղի բաներ վաճառողները, ֆուտբոլի վրա «նստած» սրճարանատերերը և նույնիսկ պաշտոնյաները: Վերջինները նրա համար, որ գոնե մի ամիս իրենք չեն լինի շատերի ուշադրության կենտրոնում…

 

Կարգը, երևի գիտեք, փոխվել է, և այս անգամ 24 երկրի հավաքական է պայքարելու Եվրոպայում ուժեղագույնի տիտղոսը նվաճելու համար: Ով ասես, որ չի մասնակցում: Ով ասեսը մասնակցում է, իսկ Հայաստանը էլի չի մասնակցում: Միայն մեր հույսն է «մասնակցում», այն իմաստով, որ երևի մի օր էլ Հայաստանը կկարողանա բացել ֆուտբոլային այդ տոնի դուռը: Իսկապես էլ՝ հույսներս արդարանալու ինչ-որ հիմք ուներ և ունի, ախր Եվրոպայի լավագույն ֆոտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը մե՛ր հավաքականում է: Բայց… ֆուտբոլն ըմբշամարտ չէ:

 

Ի դեպ, «միամսյակի» մասին: Թերևս արդեն այնքան էլ ճիշտ չէ ֆուտբոլի «Եվրոպայի խաղերը» կամ «աշխարհի խաղերը» տղամարդկանց տոն համարել: Հիմա կանայք էլ, նկատել եմ, ոչ պակաս, իսկ որոշ դեպքերում՝ առավել լավ են «բալետ անում», հուզվում, ոգևորվում՝ իրենց սիրելի թիմի կամ ֆուտբոլիստի հաջողություններից: Կարճ ասած, թե կան ֆուտբոլասերներ, կան ոչ պակաս ֆուտբոլասիրուհիներ:

 

Ասեմ ավելին, եթե տղամարդիկ հենց ֆուտբոլին են հետևում, ապա կանայք նայում են շատ ավելի ուշադիր: Ոչ միայն խաղին են հետևում, այլև դաշտում վազվզողների հագուկապին, քայլվածքին (վազվածքին), սանրվածքին, «բալետ անողներին»: Որևէ ֆուտբոլասերից դժվար թե լսեք, որ այս կամ այն թիմի համար «ցավում» է, որովհետև այդ թիմից այսինչը սիրուն տղա է, հրապուրիչ արտաքին ունի և էլի նման բաներ:

 

Ո՞վ է դրա համար ֆուտբոլ նայում: Ասեմ՝ ով: Կանա՛յք և աղջիկները: Ոչ բոլորն, իհարկե:

 

Ֆուտբոլասիրուհիների շարքերում այնպիսի գիտակ ու ճարտարախոս ներկայացուցիչներ կան, որ առանց հատուկ ջանքերի «պենալ» կխփեն հայրենի հեռուստամեկնաբաններին, որոնք առաջիկա մեկ ամսում հաստատ աչքի կընկնեն նյարդաքրքրիչ մեկնաբանություններով:

 

Բայց նույնիսկ հայկական ֆուտբոլային հեռուստամեկնաբանների միապաղաղ խոսքն ու հնամաշ բառապաշարը չեն կարող փչացնել տոնը: Շատ-շատ՝ «անզվուկ» նայենք, չնայած, հեռուստացույցով առանց ձայն ֆուտբոլ դիտելը նույնն է, թե առանց երաժշտության բալետ նայես: Հուսանք, որ նրանք կջանան, որ ֆուտբոլը «զվուկով» լինի:

 

Հա, մի բան էլ. որքան կարող եք՝ ֆուտբոլով տարվեք, այլ ոչ թե բումեյքերների հրահրած ղումարբազությամբ, որ կրվեք:

 

Ա.Հակոբյան