Վերջերս ադրբեջանական տխրահռչակ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր հոդված, որի հեղինակը եզրակացնում էր, թե Իրանը աստիճանաբար իջեցնելու է Հայաստանի հետ գործակցության մակարդակը մինչև սովորական հարևանին բնորոշ քաղաքավարության մակարդակի:
Հարկ է նշել, որ ադրբեջանական լրատվամիջոցների վերլուծական «մտքի» մակարդակն այնքան ցածր է, որ չարժե նույնիսկ անդրադառնալ դրանց՝ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հերթական բարբաջանքին: Կասկած չկա, որ Բաքվի բռնապետի վարչակարգը խիստ անհանգստացած է գրեթե բոլոր ասպարեզներում վերընթաց կորագծով զարգացող հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի սերտացումից՝ հանգամանք, ինչն անմիջականորեն խաթարում է Հայաստանի իբր մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը՝ իրանական ուղղությամբ դրանք վերածելով պարզապես անօգուտ ջղաձգությունների կամ անկանոն ցայտնոտային քայլերի:

 


Ընդ որում, Բաքվի բռնապետի քարոզչության կողմից կիրառվող մեթոդաբանությունը չափազանց պարզունակ է. ադրբեջանական լրատվամիջոցները «նախանձելի» համառությամբ և վառ երևակայությամբ շարունակում են իրանցի այս կամ այն պաշտոնյային վերագրել զանազան ադրբեջանանպաստ հայտարարություններ, որոնց իսկությունը պարսկալեզու աղբյուրներով ճշտել, որպես կանոն, այդպես էլ չի հաջողվում, քանի որ, որքան էլ ցավագին է Բաքվի համար, իրանցիները նման խոսքեր չեն հնչեցնում:

 


Հենց վերջերս, մասնավորապես, Հայաստանի արգործնախարարի Թեհրան կատարած այցից առաջ Բաքվում Իրանի դեսպանին վերագրվեց մի սուտ, ըստ որի՝ Արցախյան հիմնախնդրում Իրանը իբր պաշտպանում է Ադրբեջանին: Ուշագրավ էր սակայն նշված ապատեղեկատվության հերքումը Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տարածած պաշտոնական հայտարարության միջոցով՝ հանգամանք, որը դատելով ադրբեջանական խուճապային արձագանքից, բոլորովին անսպասելի էր Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի համար և կարևոր ցուցիչ առ այն, որ հայ-իրանական հարաբերությունները չափազանց մեծ կարևորություն ունեն ոչ միայն Երևանի, այլ նաև Թեհրանի աշխարհաքաղաքական շահերի առումով, հետևաբար դրանց վտանգմանն ուղղված Բաքվի ցանկացած թշնամական ապատեղեկատվություն կամ գործողություն ուղղակի դատապարտված է տապալման նաև հենց իրանական կողմի ջանքերով:

 


Նշված գործելաոճի որդեգրմամբ Բաքուն անկներևաբար փորձ է կատարում լուծել նաև երկու կարևոր խնդիր. նախ՝ Ադրբեջանի ներսում բնակչության իրանամետ շիայադավան հատվածի ակնհայտորեն աճող դժգոհությունների ֆոնին ցույց տալ, թե ալիևյան վարչակարգը սկսել է իբր բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ և երկրորդը՝ հաշվի առնելով հայաստանյան որոշ լրատվամիջոցների և ընթերցողների «կախվածությունը» ադրբեջանական լրատվությունից, Իրանի հանդեպ հնարավորին բացասական տրամադրություններ սերմանել մեր հասարակության որոշակի շերտերում՝ փորձելով հայ-իրանական հարաբերությունները «փչացնել» հենց Հայաստանի ներսից:

 


Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նման անհանգստությունը և դրանից բխող պարզունակ ապատեղեկատվական ջանքերն, ըստ էության, նաև կողմնակի ցուցիչ են այն բանի, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվում է բոլորովին նոր որակի քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների և փոխգործակցության, թերևս, կենսական կարևորության մի դաշտ, որի արդյունքում, կիրառելով ֆուտբոլային բառապաշար, Ադրբեջանն ուղղակի հայտնվում է խաղից դուրս վիճակում, ինչն էլ վերջինիս ստիպում է կա՛մ կապկել մեր քայլերը, կա՛մ էլ դիմել սեփական գավառական մակարդակի քարոզչության օգնությանը:

 


Հետևաբար, պետք չէ որևէ լուրջ ուշադրություն դարձնել ադրբեջանական քարոզչական գրվածքներին, քանի որ մենք Իրանի հետ հարաբերություններում ունենք մեր սեփական օրակարգը, որի համակարգված կերպով կյանքի կոչումն էլ հենց ամենաազդու պատասխանն է մեր բոլոր հակառակորդներին:

 

 

Վարդան Ոսկանյան