Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Անկարան ԵՄ-ի կողմից չստանա առանց վիզայի ռեժիմի կարգավիճակը, ապա Թուրքիան կչեղարկի Եվրամիություն-Թուրքիա փախստականների կարգավորման վերաբերյալ համաձայնությունը:
Դրան զուգահեռ թուրքական ԱԳՆ ղեկավարը գերմանական մամուլին մեղադրել է կանխակալության մեջ, քանի որ նրանք բոլորը միաձայն քննադատում և մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Բացի այդ, Չավուշօղլուն մեղադրել է հայերին՝ ռուս և թուրք ժողովուրդներին թունավորելու, նրանց հարաբերությունները փչացնելու, թշնամացնելու մեջ:
Ըստ այդ դիվանագետի, մեծ թվով էթնիկ հայեր աշխատում են ռուսական ԶԼՄ-ներում և նրանց միջոցով հասարակական կարծիք են ձևավորում, փորձում ճեղքվածք առաջացնել, սեպ խրել Մոսկվայի ու Անկարայի միջև:
Փաստորեն ստացվում է, որ ռուսական ռազմական ՍՈւ-24 ինքնաթիռը մենք՝ հայերս ենք կործանել, մենք ենք Թուրքիային դրդել այն ոչնչացնել…Փաստորեն Բունդեսթագի այն 11 թուրքական ծագումով պատգամավորներն էլ Ջեմ Օզդեմիրի գլխավորությամբ, որոնք հիմա ոստիկանական ուժեղացված պահպանության տակ են՝ նրանք էլ հա՞յ են:
Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում կոչ էր արել ստուգել նրանց արյունը, սպասենք տեսնենք էլ ի՞նչ կմոգոնեն այս Օգյուզ Սելջուկ թուրքերի հետնորդները…
Ռոբերտ Մելքոնյան