Մեր մտածողության մեջ մի ահավոր գիծ էլ ունենք՝ մեր կիսատ-պռատ եզրակացությունների արդյունքում մարդուն, կամ մարդկանց ՆԱԽՕՐՈՔ մեղադրել աշխարհի ամենավերջին հանցանքների մեջ՝ ծաղրելով քայլերը, դարձնելով ծախված, գործակալ, իշխանության պրոյեկտ, անգամ՝ դավաճան: Սա մի զզվելի ձեռագիր էր, որը սերմանվեց երկրորդ անկախություն ձեռք բերվելու առաջին օրվանից, բայց դա այլ թեմա է:

 


Հարցը նույնիսկ այն չէ, որ չենք մերժում, ոչ էլ խելացի մարդը կարող է մերժել այս ամենի հնարավորությունը՝ դիմացինը իրոք կարող է լինել ծախված, գործակալ, դավաճան, կամ բոլորը միասին: Ու՞մ վրա կարող ես հարյուր տոկոսանոց երաշխիք ունենալ, դեռ մի բան էլ քո կողմից երաշխավորել, մանավանդ այսօր, երբ 25 տարի ապականվեց ամեն սրբություն ինչ կար հայի մեջ: Հարցն այն է, որ մոռանում ենք՝ գոյություն ունի ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ: Այն չպիտի դիտել միայն իրավաբանական տեսանկյունից: Սա անհրաժեշտ մոտեցում է գրեթե բոլոր կարգի հարաբերություններում: Եթե դեռ չենք նկատել տվյալ անձի ծախվածությունը, գործակալ, պրոյեկտ լինելն ու դավաճանությունը, պարզապես իրավունք չունենք նրան մեղադրել այդ ամենի մեջ: Խոսքը մարդկային սովորական թերություններին ու թուլություններին չի վերաբերում, այլ շատ ավելի մեծ մեղադրանքներ ներկայացնելուն:

 

Լավ, այդքան դժվա՞ր է սա հասկանալն ու ընդունելը, իսկ ավելի շուտ՝ մաքուր մնալը, մաքուր մտածելը: Հաստատապես՝ սա կապված է այդպիսի մտածողության հետ:
Այլ հարց է, որ կոնկրետ մեր քաղաքական իրավիճակից ելնելով մարդկանց ճանաչելուն տրամադրելու համար երկար ժամանակ չունենք, ամեն ինչ արագ է պետք կատարել: Դա փաստ է: Բայց դրա համար էլ կան հազար ու մի տեխնոլոգիաներ, որոնք կիրառելու դեպքում դիմացինիդ առաջ դնում ես որոշակի սահմանափակումներ , փակում խուսանավելու, երևույթները լղոզած ներկայացնելու ճանապարհները, քայլերի համար թողնում հնարավորինս քիչ ուղիներ, մղում քայլեր կատարելուն, որից հետո բացահայտելը դառնում է խաղ ու պար, օրերի, ժամերի խնդիր...

 

Հակոբ Հակոբյան