Համաշխարհային զարգացումները տարբեր ժամանակաշրջաններում պետությունների համար նորանոր խնդիրներ են սահմանում: Եվ առավել հաջողակ ու արդյունավետ է դառնում այն պետությունը, որը կարողանում է ճիշտ կողմնորոշվել ու արդյունքում այդ խնդիրներն ըստ պատշաճի լուծել:
Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը խաղում է համաշխարհային մոդերատորի դեր, որի հետ Հայաստանն ունի բավական ջերմ հարաբերություններ, իսկ Ռուսաստանի հետ, որպես տարածաշրջանային ու «Եվրասիական» խաղացողի, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցի, զարգանում են համագործակցության լայն հարթություններ:
Մինչդեռ 21-րդ դարը կարծես իրավիճակային գլոբալ փոփոխությունների առաջ է փորձում կանգնեցնել մեզ, այն առումով, որ համաշխարհային լուրջ ուժ ու կշիռ է ձեռք բերում Չինաստանը, որն սպառնում է համաշխարհային քաղաքականության մեջ ստանձնել աննախադեպ դերակատարություն: Այս առումով ուրախալի ու գնահատելի է, երբ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները գնալով խորանում ու ավելի բազմավեկտոր բնույթ են ձեռք բերում:
Այսօր ևս Չինաստանի հետ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ:
Իսկ Ճան Գաոլին իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի դերը Չինաստան ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման առումով, ապա ընդգծել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձ են կատարել մի քանի խոշոր կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին ու առաջիկա քայլերին:
Ի հավելումն նշենք նաև, որ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով' ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար:
Նարեկ Սարգսյան