ԱՀ խորհրդարանի պատգամավոր Էլմիրա Ախունդովայի'Հեյդար Ալիևին նվիրված վեցհատորյակի («Հեյդար Ալիև. անձն ու ժամանակը») երկրորդ հատորում հետաքրքիր տեղեկություններ կան Հեյդար Ալիևի և ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հանդիպումից, որի մանրամասները վեցհատորյակի հեղինակը շարադրել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Վիլայաթ Գուլիևի հուշերի հիման վրա:

 


Նշված է, որ հանդիպման սկզբում' ոչ պաշտոնական հատվածում, Հեյդար Ալիևի և Ալի Խամենեիի խոսակցությունը «տեղի է ունեցել ադրբեջաներենով», ապա պաշտոնական խոսակցության ժամանակ ԻԻՀ հոգևոր առաջնորդը անցել է պարսկերենին, իսկ նրա թարգմանիչը պարսկերենից թարգմանել ռուսերեն և ոչ թե ադրբեջաներեն:

 


Հ. Ալիևը մի փոքր անց ընդհատել է թարգմանչին և, դիմելով Խամենեիին, ասել.
- Պարոն Խամենեի, մի փոքր առաջ «մենք մեր մայրենի լեզվով» էինք խոսում: Ես հասկանում եմ, որ Դուք, որպես առաջնորդ, պաշտոնական երկխոսությունը պարսկերենով եք վարում, բայց չեմ հասկանում' ինչո՞ւ է այդ դեպքում թարգմանիչը ռուսերեն թարգմանում:
Ի պատասխան Հ. Ալիևի հարցի' ԻԻՀ հոգևոր առաջնորդն ասել է.
- Բա ես ինչու՞ գիտեի, թե ձեր պետական լեզուն ռուսերենն է:

 


Ըստ ներկայացված հուշերի' Հ. Ալիևը այս խոսքերից շատ է նյարդայնացել և հետո բացատրել, որ Ադրբեջանի պետական լեզուն ադրբեջաներենն է: Իսկ խոսքի վերջում ասել է.
-Ադրբեջանը այնքան էլ հեռու երկիր չի. այդ երկրին վերաբերող ամենապարզ բաները չգիտեք:
Միամտություն կլինի կարծել, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդը չի իմացել այդ պարզ ճշմարտությունը: Դրանով ցանկացել է շեշտել, որ ԻԻՀ-ում շատ լավ գիտեն, թե Ադրբեջանում ռուսերենը ինչ դիրքեր ունի, և թե ադրբեջաներենը, որպես պետական լեզու, ինչքանով է հարգվում այդ երկրում: Եվ վերջապես, որ պետք չի շահարկել լեզվի խնդիրը, երբ սեփական երկրիդ մայրաքաղաքը բացարձակ ռուսախոս է:

 

Արտյոմ Տոնոյան