Քաղաքական լուրջ գործիչները իրավունք չունեն որևէ ակնկալիք ունենալ որևէ ազգից և չիրականանալու դեպքում հիասթափվել անձնապես՝ ազգին ներքաշելով վտանգավոր խաղերի մեջ։ Հենց նման գործիչներն են հեշտությամբ տուրք տալիս հասարակության որոշ մասի, ոչ ամբողջի, անհիմն պահանջներին, քանզի իրենք էլ իշխանության են եկել դեմագոգիայի միջոցով՝ խաբելով ժողովրդին՝ ներկայացնելով ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչ ցանկանում է լսել հասարակությունը․․․ Քսանհինգ տարիներ ՀՀ պետությունը ղեկավարել են հենց այսպիսի պատեհապաշտ ու դեմագոգ մարդիկ, և ինչպես երևում է մեր հասարակության մտահոգություններից, նրանք՝ կառավարիչները,հաջողությամբ դեռ կշարունակեն հենվել հենց այս կարգի մարդկանց վրա, որոնք սիրում են մարդկանց պարտադրել ասել այն, ինչ իրենք են ցանկանում․․․
Այսօր հասարակության գրեթե վաթսուն տոկոսը գտնվում է իշխանությունների ազդեցության տակ, և այն իրականացվում է դրսից կամ ներսից ֆինանսավորվող կուսակցությունների միջոցով․․․ Որևէ ազգ չի կարող սիրել մի այլ ազգի։ Նման երևույթ ընդհանրապես գոյություն չունի․․․ Առավել ևս Հայերը երբեք չեն եղել ռուսասեր կամ եվրոպասեր։ Պարզապես, կան անհատներ, որոնց դուր է գալիս եվրոպական նիստուկացը, և նրանք իրենց և իրենց զավակների ապագան պատկերացնում են այնտեղ, և իրենց անհատական երազանքները, հիասթափություններն ու ձգտումները փորձում են վերագրել ամբողջ ազգին․․․
Ճիշտ նույնպես Ռուսաստանում ապրող Հայերի մոտեցումն է։ Նրանք ոչ թե սիրում են, այլ պարզապես ապրում են այնտեղ, որի պատճառով էլ քարոզում են իրենց անձնական շահերից բխող մոտեցում Ռուսաստանի նկատմամբ․․․ Եթե ընդունենք, որ ՀՀ քաղաքացիների մի մասը հիասթափվել է Ռուսների քաղաքականությունից, ապա դրա պատճառը ոչ թե Ռուսների վարած քաղաքականությունն է, այլ արևմտյան հակառուսական պրոպագանդան, որն իրականացվում է ամբողջ աշխարհում և որի վրա մի քանի երկրների բյուջեներից վատնվում են միլիարդներ, որի զգալի մասը, բնականաբար, գրպանվում է․․․
Իսկ եթե պիտի լիներ հիասթափություն, ապա այն առաջին հերթին պիտի լիներ եվրոպական երկրներից, որոնք հարյուրավոր տարիներ պատասխանատվություն ստանձնեցին Հայաստանի նկատմամբ՝ թուրքիային <<պարտադրելով>> ռեֆորմներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, մինչդեռ ցեղասպանությունն իրականացվել է Գերմանիայի անմիջական ռազմական և ֆինանսական օգնությամբ․․․
Արմեն Հարությունյան