Մենք սիրում ենք խոսել քարոզչամեքենաներից՝ ադրբեջանական, ռուսական, արևմտյան և այլն։ Բայց մենք հաճախ մոռանում ենք, որ Հայաստանն էլ ունի իր քարոզչամեքենան։ Այդ քարոզչամեքենան որոշ այլ քարոզչամեքենաներից լավն է, որոշներից էլ՝ վատ, որոշ դեպքերում այն հաջողակ է ներքին լսարանի համար, որոշ դեպքերում էլ՝ արտաքին։ Ու այս անգամ ես ցանկանում եմ խոսել մի թեզի մասին, որը մեր քարոզչամեքենան նետել է ասպարեզ դեռ տաիներ առաջ, հաջողությամբ կայացրել է մեր գիտակցության մեջ, ու դա լավ էր մինչև վերջերս, բայց գնալով դառնում է խնդրահարույց՝ ապագայի համար։
Տեսե՛ք, մեզ ասում են, որ Ադրբեջանը պատերազմում պարտվել է, կապիտուլյացիայից 5 էր պակաս և այլն։ Լավ քարոզչությունը հենց նրանով է լավը լինում, որ ճշմարտությունը այնքան դոզավորված ու այնպիսի շեշտադրումներով է հրամցնում, որ բուն քարոզչական մեսսիջը ավելի դյուրամարս դարձնի։ Այո՛, հանրագումարով եթե վերցնենք, ապա 1994 թվականի մայիսի դրությամբ Ադրբեջանը պարտվողի ու կորցնողի կարգավիճակում էր, բայց Ադրբեջանը պատերազմում չի պարտվել։ Չի պարտվել թեկուզ այն պատճառով, որ պատերազմը չի էլ ավարտվել, որ որոշենք պարտվողներին ու հաղթանակողներին։ Ասեմ ավելին, անգամ 1994 թվականին Ադրբեջանը մի շարք ցավոտ հարվածներ է հասցրել ու Հորադիզի մարտերը դրա վառ ապացույցն են։
Ես բնավ հանդես չեմ գալիս ինչ-որ ռեվիզիոնիստական գաղափարներով, քավ լիցի։ Բայց իմ խորին համոզմամբ, վաղվա պատերազմի համար ամենամեծ ռիսկերից մեկը հակառակորդին թերագնահատելն է ու հենց այդ համատեքստում էլ ցանկանում եմ հիշեցնել հետևյալը․ Ադրբեջանը երբեք կապիտուլյացիա չի ստորագրել ու չի էլ պատրաստվել անել դա։ «Իսկ ի՞նչ է եղել ու ինչո՞ւ ենք ստորագրել հրադադարի մասին պայմանագիրը», - կհարցնեք դուք։ Պատասխանեմ․
- Հրադադարի մասին համաձայնություն ձեռք է բերվել պատերազմի այն փուլում, երբ հայկական կողմը էլ բավարար ռեսուրս (մարդկային) չուներ, որպեսզի կարողանար հուսալիորեն պահեր այն բնագծերը, որոնք ազատագրվում էին։ Ու հիմա էլ մենք այդ խնդրի առաջ ենք, երբ բանակի եղած թվակազմը ու պարտադիր զինծառայության համար որոշված ժամկետը չեն բավականացնում անգամ շփման գծի ներկա կոնֆիգուրացիան հուսալիորեն պահելու համար։
- Հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել, երբ Ալիև հայրը վերջնականապես հասկացել է, որ նույն Ռուսաստանը ջանք ու եռանդ չի խնայելու ուժային բալանսը պահպանելու համար ու անդադար զինելու է հայերին։ Սա իրականում կարելի է անգամ երկրորդական հարց համարել, իսկ առաջնայինն այն է, որ Ալիևը վերջնականապես հասկացել էր, որ լիակատար ռազմական հաղթանակի համար միայն Ադրբեջանը երբեք չի ունենալու բավարար ռեսուրս (մարդկային), որպեսզի կարողանա նախ կոտրի հայությանը, իսկ հետո օկուպացված պահի հազարավոր քառակուսի կիլոմետրեր զբաղեցնող տարածք։
Ադրբեջանի ու իր իրականության մասին խոսելը առանձին թեմայի հարց է։ Մեր մասով մենք այսօր ունենք իրականություն, երբ եղած մարդկային ռեսուրսները, որոնք տասնյակ անգամներով ավելին են, քան 1994 թվականին էր, չեն բավարարեցնում եղած տարածքները հուսալիորեն հսկելու և անձեռնմխելի դարձնելու համար, ո՞ւր մնաց թե նոր բնագծեր վերցնենք։ Ու հենց սա ռազմավարական բնույթի խնդիր է, որը հետևելու է մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մենք շեշտակի չսկսենք աճել։
Մեղավորներին փնտրելու մասին կարելի է գրել անվերջ, բայց դրա պրոդուկտիվությունը զրոյական է, որովհետև մեզանից յուրաքանչյուրը կմատնանշի տասնյակ ու հարյուրավոր արտաքին մեղավորների, բայց հատուկենտ մարդիկ մեղավորների ցանկում կներառեն նաև իրենց։
Մեր երկարաժամկետ հեռանկարում ամենալուրջ ռազմավարական խնդիրը ոչ թե լավ կամ վատ իշխանություններն են, ոչ էլ անգամ լավ կամ վատ հարևանները, այլ՝ դեմոգրաֆիան։ Հենց այդ խնդրի լուծումն էլ բանալի կտա մյուսները լուծելու համար, իսկ մինչ այդ, մենք պյուրոսյան հաղթանակների ենք դատապարտված, իսկ Բքվում թեյ խմելու մասին խոսելու են միայն պոպուլիստներն ու ռոմանտիկները։
Երեխաներ ունեցե՛ք և ունեցեք հնարավորինս շատ։
Կոնստանտին Տեր-Նակալյան