Ոմանք փորձում են գերմանական Բունդեսթագի' Հայոց ցեղսապանությունը ճանաչելու մեջ բացառապես շահեր տեսնել: Այո, այդ շահը կա, անհերքելի է, եւ առաջիններից մեկը իրավամբ նշվում է ԵՄ-ի ու Գերմանիայի հանդեպ Թուրքիայի շանտաժային քաղաքականությունը, որը հատել է բոլորի համբերության բաժակը: Բայց դա մի էլ գերագնահատեք: Գերմանիան շատ է փոխվել: Տարիներ առաջ, ընդհուպ մինչեւ Գերմանիայի նախագահ Գաուկի կողմից 2015-ին Ցեղասպանություն բառն օգտագործելը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ես եւ աշխարհի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում գերմանական իսթեբլիշմենթը ցնցվեցինք նրա ելույթից: Մի կողմ թողնեմ աշխարհում Գերմանիայի նոր դերի մասին նրա ծրագրային ելույթը, որի հետ կապված ափսոս հոդվածս անավարտ թողեցի: Բայց շատ տպավորիչ էր այն, որ խիղճը, մարդը, հումանիզմը նա դրել էր ոչ միայն իր ելույթի առանցքում, այլեւ բարձրացրել Գերմանիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ:

 

Շատերը չհասկացան, որ հենց այդ մոտեցման արդյունքն էր Սիրիայից ու Մերձավոր Արևելքից փախստականներին ընդունելը... Երբ անցած աշնանը Բեռլինի արտաքին քաղաքականության ֆորումի ժամանակ գերմանացի մի բաձրաստիճան պաշտոնյայի հարցրեցի' չեք կարող չընդունել նրանց?, նա այլայլված պատասխանեց' բայց մեր Սահմանադրության մեջ գրված է, որ մենք պարտավոր ենք ընդունել, եթե մարդը ապաստան է խնդրում ու նրա կյանքին վտանգ է սպառնում....Սա է ժամանակակից Գերմանիան ու մի զարմացեք, որ նրանք վաղ թե ուշ իրենց վրայից մաքրելու էին նաեւ Հայոց Ցեղասպանության խարանը: 2005թ.-ից մասնակցել եմ իրենց ԱԳՆ-ի կազմակերպած տարբեր քննարկումներին այս թեմայով... Նրանք այն ժամանակվանից մտմտում էին սա անել: Սակայն, դառնամ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Գաուկի' մեզ բոլորիս գերած ելույթին: Նա այնքան շատ անդրադարձավ Հոլոքոսթին ու իրենց մեղքին, որ Իսրայելի ԱԳ եւ ՊՆ նախարարներին ուղեկցող ընկերներս' բարձրաստիճան պաշտոնյաներ, շրջվեցին ինձ ու ասեցին' "դե զզվացրիր էլի, այնքան ասեցիր, որ հրեաներին կոտորել ենք...": Ահա սա է Գերմանիան:

 

Ու ամենակարեւորը, խիղճը, հումանիզմը ու մարդուն դնելով քաղաքականության առանցքում, Գաուկը բացահայտ Գերմանիայի համար գլոբալ պատասխանատվության ու առաջնորդության հայտ ներկայացրեց, որից ցնցված էր անգամ գերմանական իսթեբլիշմենթը: Ընդիմիջմանը Գերմանիայի նախարարներից մեկն իմ հարցին ի պատասխան ասեց' ամեն ինչ ցնցող է, բայց ով է վճարելու այսպիսի համարձակ, հավակնոտ արտաքին քաղաքականության համար... փողերը Մերկելի մոտ են, միթե նա էլ համաձայն է սրան? Այժմ տեսնում ենք, որ ոչ միայն Անգելա Մերկելը, այլեւ Գերմանիայի բոլոր քաղաքական կուսակցությունները համաձայն են դրան: Եւ ահա, այստեղ է, որ բացվում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու երրորդ շահագրգռությունը' Կովկասում ու Մերձավոր Արեւելքում ձեւակերպել իր մոտեցումները Հայաստանի ու Թուրքիայի հարցերով: Չմոռանանք, որ Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահող երկիր է ու դա հենց հարթակներից մեկն է իր մեծ քաղաքականությունը Կովկաս բերելու համար: Եւ հայ-գերմանական հարաբերությունները խթանելու մեկնակետը ճիշտ է ընտրված' Հայոց Ցեասպանությունն ու Գերմանիայի ներողությունը հայերից:
Այսքանը թերեւս բացատրելու է գալիս, թե ինչու հիմա, ինչու այդպես միասնաբար ու ինչու այդքան մանրամասն տեքստով Գերմանիան ճանաչեց հայոց Ցեղասպանությունը:

 

 

Ստյոպա Սաֆարյան