Փորձագիտական շրջանակներում բնավ էլ նոր չեն սկսել խոսակցությունները, որ Թուրքիային կարող են դուրս բերել ՆԱՏՕ-ից, բայց մինչև վերջ հստակություն չկա, թե ինչպես են դա անելու։ Առավել ևս հասկանալի չէ, թե ինչպես կարելի է այդ օպերացիան իրականացնել այնպես, որ Թուրքիան դուրս չմնա ԱՄՆ-ի ազդեցության դաշտից։
Խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ը այլ խնդիրներ է կապում Թուրքիայի հետ ու այդ խնդիրներից շատերի պարագայում ՆԱՏՕ-ում գտնվող Թուրքիան խնդիր է։ Ընդ որում, այնպիսի իրավիճակ է հասնունանում, որ Թուրքիան խնդիր է ՆԱՏՕ-ի համար, ՆԱՏՕ-ն խնդիր է Թուրքիայի համար։ Քեմալականության ոգով զարգացող Թուրքիան խնդիր չէր, բայց Էրդողանական Թուրքիան՝ իր նեոօսմանիզմով ու ծավալապաշտությամբ՝ խնդիր է։ Խնդիր է այնքանով, որ չափազանց ռադիկալ էլեմենտ է ՆԱՏՕ-ի համար, բայց ճիշտ ուղղորդման դեպքում, այն ցանկալի էլեմենտ է ԱՄՆ-ի համար՝ ՆԱՏՕ-ից դուրս։
Վաղուց են շրջանառվում խոսակցություններ, որ ԱՄՆ-ը ձգտում է նոր «մինի»-ՆԱՏՕ ստեղծել, որի մեջ կմտնեն մի շարք նախկին խորհրդային պետություններ, որոնց ՆԱՏՕ մտցնել չեն կարողանում ու չեն էլ ուզում (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան), իսկ այդ միկրոդաշինքի գլխին կլինի Թուրքիան։
Եթե այս սցենարն իրական է, ապա մենք ականատես ենք լինում դրա՝ կյանքի կոչման հերթական փուլին, երբ ԵՄ անդամ պետությունների ձեռքերով Թուրքիայի դուրս են մղում ՆԱՏՕ-ից ու Մեծ Եվրոպայից, և Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Չեմ բացառում, որ հարկ եղած դեպքում, էլի մի շարք Եվրոպական պետություններ, ովքեր դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, կմիանան այս ալիքին, բայց ամենակարևոր դերակատարը՝ ԱՄՆ-ը, այպես էլ հա՛մ մեխին կխփի, հա՛մ նալին և այդ կերպ կշարունակի մնալ Թուրքիայի բարեկամ ու դաշնակից։
Դե իսկ ՆԱՏՕ-ից դուրս գտնվող Թուրքիան ավելի ազատ կլինի իր ագրեսիվ գործողությունների մեջ, քանի որ կապված չի լինի սահմանափակող պարտավորություններով և կոլեկտիվ պատասխանատվության խնդրով։ ԱՄՆ-ն էլ խնդիր չի ունենա 5-րդ կետի կյանքի կոչման ռիսկի հետ, եթե Թուրքիան բաց առճակատման մեջ մտնի ասենք Հայաստանի, կամ էլ Ռուսաստանի հետ։ Ու դրանով իսկ ՆԱՏՕ-ից դուրս գտնվող Թուրքիան իրականում ավելի վտանգավոր է ու վտանգավոր է առաջին հերթին մեզ համար։
Կոնստանտին Տեր-Նակալյան