Հրապարակվել են Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի թվային ցուցանիշներ: 2014 թվականից մինչ օրս գյուլենական համայնքի դեմ կառավարության գործողությունների հետևանքով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 4 հազարի, որոնցից ավելի քան 800-ը կալանավորվել են: Ամսվա կտրվածքով ամենաշատ ձերբակալությունները գրանցվել են այս տարվա մայիս ամսին' շուրջ 800 ձերբակալված: Հետաքրքիր է այս համատեքստում ոստիկանության ու բանակի ծառայողների ձերբակալությունների թվային տվյալները: Ըստ այդմ' մինչև օրս ձերբակալվել է 750 ոստիկան և 80 զինծառայող:

 


Այսպես ասած մաքրազատումները մեծ թիվ են կազմել ոստիկանության համակարգում:
Օրեր առաջ թուրքական մամուլում հրապարակվեց հակագյուլենական գործողությունների ու հետաքննության արդյունքում բացահայտված 500-ից ավել զինվորականների մասին, որոնք կապ են ունեցել համայնքի հետ և ամենամսյա կրոնական նվիրատվություններ կատարել շարժմանը: Ընդ որում' այդ զինծառայողների մեջ եղել են զինված ուժերի կարևոր մի շարք ոլորտներում և ստորաբաժանումներում' հատուկ նշանակության ուժերում ու ստորաբաժանումներում, ռազմական ակադեմիայում, ԳՇ հետախուզական վարչությունում ծառայություն իրականացնող սպաներ:

 

Օրեր առաջ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից խորհրդատվական որոշում էր ընդունվել և հասցեագրվել կառավարությանը' գյուլենական կառույցների ու շարժման (FTO/PDY) դեմ համապարձակ գործողությունների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ:

 

Լևոն Հովսեփյան