Նախորդ տարի վերցվեցին Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Բնականաբար Իրանը սկսեց ակտիվություն ցուցաբերել բոլոր ոլորտներում: Բայց հայտնի փաստ է, որ ՀՀ-ն Իրանի կողքին էր նաև պատժամիջոցների կիրառման ընթացքում՝ հնարավորինս պահպանելով թե քաղաքական, թե տնտեսական կապը: Պարզ է, որ «ազատություն» ստանալուց հետո Իրանը պետք է խորացներ համագործակցությունը մեր երկրի հետ:
Որպես օրինակ նշենք, որ դեռ նախորդ տարի Իրանից Հայաստան է ներկրվել ռեակտիվ շարժիչների համար նախատեսված ավիավառելիք: Այս տարի ևս համագործակցությունը այդ ուղղությամբ շարունակվում է, և ինչպես հայտարարել է նավթամթերքների բաշխման հարցերով իրանական ազգային ընկերության ներմուծման և արտահանման բաժնի տնօրեն Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը՝ Իրանը այս տարի ևս ավիավառելիք կներկրի Հայաստան:
Իրանը ակտիվորեն ավելացնում է նաև բենզինի արտահանումը, որի ուղղություններից մեկը կարող է դառնալ ՀՀ-ն: Փաստացի, Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերը շարունակում են ընդլայնվել և կասկածից վեր է, որ մոտ ապագայում կարելի է տեսնել պայմանավորվածություններ տարբեր այլ ոլորտներում:
Մարինա Ներսեսյան