Այսօր տեղի է ունեցել գազի գնի նվազման որոշման ընդունման երկար սպասված ՀԾԿՀ նիստը: Այսուհետ 1 խ/մ-ի դիմաց նախկին 156 դրամի փոխարեն բնակչությունը կվճարի 146.7 դրամ:
Հատկանշական է, որ ամսական ավելի քան 10 հազար խ/մ գազ սպառող բաժանորդները կվճարեն հազար խ/մ-ի դիմաց 257.6 դոլար նախկին 276.98-ի փոխարեն:
Գազի գնի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել գազի անխուսափելի կորուստը, որը գնահատվում է 6.69 տոկոս, այդ թվում՝ մագիստրալի համակարգում՝ 4.64 տոկոս, իսկ վերջնական սպառողին մատակարարելիս՝ 2.05 տոկոս: Ինչպես նաև անձնական կարիքների համար ծախսերը, որոնք գնահատվում են 0.56 տոկոս:
Գազի գնի այսպիսի փոփոխությունը թույլ կտա բնակչությանը փոքրացնել ամենամսյա կոմունալ վճարների չափը, իսկ գործարարներին՝ իջեցնել արտադրանքի ինքնարժեքը:
Շուկայում դառնալով ավելի մրցունակ, հնարավորություն կստեղծվի ավելացնել արտահանման ծավալները, բացի դրանից կպահպանվեն և հնարավոր է ընդլայնվեն առկա աշխատատեղերը:
Նման որոշումը կնպաստի նաև ներդրումային դաշտի զարգացմանը,քանի որ բազմաթիվ գործարարներ լրջորեն ուսումնասիրում են պետության ներսում գործող հարկերը և էներգակիրների գները:
Արմեն Վարդանյան