Սիրիական ընդդիմության գլխավոր բանակցորդ Մոհամեդ Ալուշը դադարեցնում է իր գործունեությունը պատվիրակության կազմում և հրաժարական է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա գրել է Twitter-ի իր էջում:
«Բանակցությունների երեք փուլերն անարդյունք էին ռեժիմի կամակորության, ինչպես նաև շարունակվող ռմբակոծումների և Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիայի պատճառով»,- իր որոշումը բացատրել է Ալուշը:
Սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար Ասադ ալ Զուբին «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է. «Եթե Ալուշի հրաժարականը հաստատվի, ես նույնպես պաշտոնաթող կլինեմ»:
Դրանից անմիջապես հետո հեռուստաալիքը հայտնել է, որ սիրիական գլխավոր ընդդիմադիր խմբում՝ Բանակցությունների բարձրագույն կոմիտեում, մտադիր են վերակազմել պատվիրակությունը:
Բանակցությունների բարձրագույն կոմիտեն ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերին, դրանում ընդգրկվել են ընդդիմադիր տարբեր խմբերի 30-ից ավելի ներկայացուցիչներ:
Ալուշը կոմիտեում ներկայացնում է «Ջեյշ ալ Իսլամ» ազդեցիկ խմբավորումը: Նրա կողմնակիցները վերահսկում են Դամասկոսի մերձակա Ալ Գուտա օազիսը, հաղորդել Է BBC-ն: