Այս տարվա դեկտեմբերի 1-ին Ռուսաստանում նախատեսված է «Երկրաշարժ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը Հայաստանի դեկտեմբերյան աղետի վերաբերյալ է: Ֆիլմի արտադրության երկիրն է Ռուսաստանը, այսինքն` նկարահանվել է ռուսական ընկերության կողմից: Սցենարիստները Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին և Արսեն Դանիելյանն են, ֆիլմի բյուջեն 200 000 000 ռուբլի է: Ֆիլմը պատկանում է դրամայի ժանրին: Ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, որը նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն է:
Հայաստանում 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ահավոր երկրաշարժն ընդգրկեց հանրապետության գրեթե ողջ տարածքը, ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները և ավելի քան 300 այլ բնակավայրեր: Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք չեն արտահայտում իրականությունը, քանի որ ներկայացնում են զոհերի և վիրավորների նվազեցված թվաքանակներ, երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 000 մարդ, 19 000-ը դարձել է հաշմանդամ, ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց օթևանի:
Ֆիլմի հերոսները երկուսն են` 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը և 45-ամյա Անդրեյ Բերեժնոն: Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում 1988թ. դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժի ծավալվող համապատկերին երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը, որը վաղ տարիքից անցել է ոչ սովորական ուղի` փողոց, բանտ… Նա և Անդրեյ Բերեժնոն երկրաշարժից հետո ճակատագրի հայտնվում են փրկարարական նույն ջոկատում: Հենց Բերեժնոյի մեղքով տեղի ունեցած վթարի հետևանքով էին շատ տարիներ առաջ զոհվել Ռոբերտի ծնողները: Ֆիլմի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների համաձայն, կատարվածի համար Կոնստանտին Բերեժնոն մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որոշ ժամանակ պահել են նրա հարազատները:
Հանգամանքների տարօրինակ դասավորությամբ Բերեժնոն իր ընտանիքի մոտ է վերադառնում երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, աղջիկը, որդին… և Ռոբերտը, որն այդպես էլ չէր ներել իր ծնողների մահը: Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, բայց միանգամից միմյանց չեն ճանաչում:
Ի դեպ, ֆիլմի մասին պատմող տեղեկություններում կա հակասություն. որոշներում նշված է, թե Ռոբերտի ծնողները մահացել են Բերեժնոյի մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, այլ տեղեկությունների համաձայն՝ նրանք մնացել են իրենց իսկ տան փլվածքների տակ, իսկ տունը փլվել է շինարարների անպատասխանատվության հետևանքով: Մի տեղ հայտնվում է այն մասին, որ իր մեղքի համար Բերեժնոն դատապարտվել է, մի քանի տարի անցկացրել բանտում, այլ տեղեկություններում նշվում է, որ դատարանը նրան արդարացրել է, և այդ իսկ պատճառով Ռոբերտը որոշել է նրանից վրեժ լուծել:
Նույնիսկ Բերեժնոյի անունն է տարբեր նշվում, որոշ տեղերում՝ Անդրեյ, այլ աղբյուրներում՝ Կոստանտին, որը, որքան հասկանալի է, դերասանի՝ Կոնստանտին Լավրոնենկոյի անունն է: Եվ սրանք միակ հակասությունները չեն: Իրականությունը հնարավոր կլինի իմանալ թերևս միայն ֆիլմը տեսնելուց հետո: