Մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Հանուն արդարության պետք է ասենք, որ այն բավականին թեժ կրքեր է խոստանում: Սահամանդրական բարեփոխումների հանրաքվեն, դրան նախորդող քաղաքական իրադարձությունները, կուսակցությունների պառակտումները բավականին թուլացրել են ուժերին այս ընթացքում:
Ի՞նչ պետք է անի կուսակցությունը, որը քաջ գիտակցում է՝ առկա ռեսուրսներով հնարավորություն չունի առաջիկա խորհրդարանական ընտրոթյուններում հավաքել անցողիկ ձայներ: Եթե սրան էլ գումարենք նորաբաց քաղաքական կառույցների կուտակած ֆինանսական և մարդկային ռեսուրսները, որով պատրաստվում են մասնակցել ընտրություններին, ավելի քան պարզ է դառնում, որ խորհրդարանի «դեմբել» կուսակցություններից մի քանիսը վերջին տարիներն է անցկացնում Ազգային Ժողովի նիստերի դահլիճում:
Այս համատեքստում տրամաբանական է, որ մենք մինչև 2017 թվականն ականատես ենք լինելու բազմաթիվ մեզ համար զարմանալի միավորումներին, կոալիցիոն գործարքներին: Շատ կուսակցություններ չեն հասցնելու զինվել մինչև ընտրություններ ու փնտրելու են այլընտրանքային ուղիներ:
Ժառանգություն խմբակցության անդամները վաղուց հրաժեշտ են տվել կուսակցությանը և վերջինիս անունը սիմվոլիկ պահում է միայն Զարուհին: Ժառանգության անդամներն իրենք էլ հասկանում են, որ բարդ ճակամարտ է սպասվում առաջիկայում ու չունեն նախկին հզորությունը, ի՞նչ պետք է անեն: Պարզ է, որ փորձելու են հանդես գալ այլ քաղաքական կառույցների հետ դաշինքների միջոցով:
Մամուլի հրապարակումների համաձայն Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության հետ: Փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս տեղեկությունները. «Դեռևս քննարկումներ, որպես այդպիսին չեն եղել, կարծում եմ՝ ցանկացած պարագայում համագործակցության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ կան ընդհանուր մոտեցումներ հատկապես մի շարք առանցքային հարցերի շուրջ»:
Այսինքն չզարմանաք, եթե շուտով տեսնենք այս երկու կուսակցությունների համախմբումը: Նույն տակտիկան կարող են ընտրել մյուս կուսակցությունները՝ ՀԱԿ-ը, Ազատ Դեմոկրատները, Լուսավոր Հայաստանը և այլն: Հանուն ձայների ու տեղերի ամրապնդման, կարող ենք ականատես լինել ընդհուպ մինչև ՀՀԿ-ի շուրջ միավորմանը:
Չես մեղադրի ոչ Ժառանգությանը, ոչ էլ այլ կուսակցություններին, քանի որ բոլորն էլ ձգտում են մաքսիմալ տեղեր վերցնել Ազգային Ժողովում 2017 թվականին:
Հայկ Դերզյան