Սիրելի շրջանավարտներ, յուրաքանչյուրի կյանքը բաղկացած է որոշակի փուլերից:
Դպրոցական տարիներին հրաժեշտ տալը դրանցից հերթականն է:
Այսօր շատ կլսեք, թե կյանքի որքան կարևոր էտապ եք թևակոխում, եւ իրոք, այդ կարևորության նշանակությունը պետք չէ թերագնահատել, այլ անհրաժեշտ է լցվել նոր սպասումներով, քանի որ Ձեզանից յուրաքանաչյուրի առջև բացվում են նոր եւ անսահմանափակ հնարավորութուններ:
Դպրոցական տարիները հաճախ են ասոցացվում անհոգության հետ, դա մասամբ այդպես է, սակայն անցնող տարիներին ձեր մանկավարժները նպատակադրված են եղել կրթելու և դաստիարակելու մեր հասարակությանն ու պետությանը պիտանի քաղաքացիներ:
Դուք իրավունք չունեք հուսախաբ անելու նրանց:
Կյանքում նվաճումների և ձեռքբերումների չափանիշը սահմանելու եք ինքներդ, և որքան բարձր կլինի ձեր առջև դրված նշաձողն այնքան մեծ բարձունքների կհասնեք: Վաղը դուք ձեր կյանքը կշարունակեք սովորելով բուհում, աշխատելուվ կամ սահմանները պաշտպանելով, այսինքն Ձեր պարտքն եք կատարելու հայրենի երկրի հանդեպ, և բոլոր դեպքերում էլ Ձեր ներդրումը մեծ է լինելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործում:
Չափազանց կարևոր է գիտակցել, որ այն շրջափուլը, որն այսօր ամփոփում եք, ձեր անցյալի անմնացորդ մասնիկն է, որը որոշիչ է լինելու ապագայի կերտման ճանապարհին:
Երբեք մի խուսափեք նոր փորձություններից ու դժվարություններից, ի վերջո չկան փորձություններ, որոնք մարդն ունակ չլինի հաղթահարելու:
Դա ապագայում, իսկ այսօր տոնեք Ձեր օրն ինչպես հարկն է, եղեք բարձր տրամադրությամբ եւ հույսերով, որ ամեն ինչ լավ է լինելու, քանզի վստահ եմ հենց այդպես էլ կլինի:
Շնորհավորում եմ ձեզ՝ Վերջին Զանգի օրվա առթիվ:
Վահե Էնֆիաջյան