Հիշու՞մ եք հայտնի ֆիլմը՝ իտալական Ռոբինզոնը, նրա հոգնած ու զզված արտահայտությունը. <<Опять фильм про море>>… Էլի՞ կուսակցությունների մասին, այդ թվում նաև կույս…Չնայած կույս կուսակցություններ չեն լինում՝ նույնիսկ <<Կույս կանանց կուսակցությունը>>…Կան քիչ տրվող կամ ինքնամոռաց, նույնիսկ անմոռաց տրվողներ, նվիրյալներ ու կպնող՝ չպոկվողներ…

 


Լիքը, անհամար կուսակցություններ կան ու էլի աճում են…Որևէ մեկդ, բացի մի քանի հին, ավանդական, իշխած ու իշխող կուսակցությունների անուններից, մյուսներին հիշու՞մ եք…Համոզված եմ, որ ոչ…
Շատերին էլ հիշում եք ստեղծողի, <<հիմնադիր սեփականատիրոջ>> կամ տիրություն անողի անունով՝ Էդմոն Մարուքյանի կուսակցություն, Ուրիխանյանի կուսակցություն, Մելիքյանի սնանակացած, չկայացած կուսակցություն, Վահան Բաբայանի կուսակցություն, քիչ էր մնում մոռանայի՝ Անի Զախարյանի ակտիվության մեղրամիսն անցած, բավարարված, հանգստի անցած կուսակցություն, մի քանի նախկին վարչապետների՝ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, արդեն նաև նախկին նախարարի՝ Օսկանյանի կուսակցություններ…
Էլի կան կուսակցություններ՝ մեռած, կիսամեռած, օգտագործվելուց հոգնած ու մաշված…

 


Մեր ազգը սիրում է ամեն ինչ անձնավորել և′ հաղթանակները, և′ առավել ևս կորուստները: Կոմանդոսներին ու մյուսներին մեծարողները հիմա էլ սկսել են գովերգել, ներբողել, փառաբանել ու ողջ երկրի, Արցախի հույսը կապել Սամվել Բաբայանի <<երկրորդ գալստյան>> հետ…Փառք ու պատիվ իրեն ու մյուսներին, բայց պետք չէ անձնավորել ու իմ, քո, նրա, բոլորիս՝ ազգիս հաղթանակները, մաքառումները, պայքարը, նվաճումներն ու հույսերը, ապագան կապել անձանց հետ և ամեն ինչ վերագրել նրանց…
Հաղթողն իմ Պետությունն է, իմ Հայրենիքը, իմ Ազգը, իմ Ժողովուրդը, իմ Բանակը՝ նրա Հերոս Զինվորը, բարեխիղճ ու ազնիվ իր աշխատանքը, իր պարտականությունները կատարող ՀՀ քաղաքացին…Իսկ գյուղացու պետքն էլ չեն այդ կուսակցությունները, նա նրանց չի էլ հիշում՝ <<հիշում է>> միայն վերցրած վարկերը մի կերպ փակելիս, չարչարանքով ստացած բերքը էժան գնով ընդունելու և փողը չտալու դեպքերում…
Այպես որ, թողեք հանգիստ ապրենք հա՞…Ինչքան քիչ լինեք, այնքան լավ…

 

Ռոբերտ Մելքոնյան