Իսրայելում առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն հատուկ փոստային նամականիշներ՝ ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի ծնողների նկարներով: Նման կերպ Հոլոքոստի զոհերին աջակցած անձանց արժեհամակարգի խրախուսման, տարածման նպատակով տարաբնույթ ծրագրեր իրականացնող «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամը (IRWF) որոշել է իր երախտագիտությունը հայտնել Ազնավուր ընտանիքին՝ Հոլոքոստի զոհերին ցուցաբերված աջակցության համար:

 


Նյու Յորքում վերջերս կայացած հանդիպման ընթացքում աշխարհահռչակ երգիչը Հիմնադրամի ներկայացուցիչներին ուշագրավ պատմություններ է պատմել նացիստական օկուպացիայի ընթացքում Ֆրանսիայում իր, ծնողների՝ Քնար և Միշա Ազնավուրյանների, ինչպես նաև քրոջ՝ Աիդայի մարդասիրական գործունեության վերաբերյալ:

 


Ազնավուրի խոսքերով՝ ծնողներն իրենց տանն ապաստան են տվել հրեաների, հայերի և նացիստների կողմից հետապնդվող այլ անձանց՝ նման կերպով վտանգելով սեփական կյանքը:
Ի նշան երախտագիտության՝ նման գործունեության համար արդեն շուտով Իսրայելի փոստում շրջանառության մեջ կդրվեն Ազնավուրի ծնողների նկրաներով փոստային նամականիշներ, իսկ շանսոնյեն ու նրա քույրը կպարգևատրվեն «Ռաուլ Վալենբերգի անվան» շքանշանով:

 

Արմեն Պետրոսյան