Ներկայումս ժամանակակից տեխնիկայի միջոցով հնարավոր է սոցիալական ցանցերում ձեռք բերել հարյուրավոր և նույնիսկ հազարավոր «ընկերներ»՝ ընդամենը նրանց անուններն ավելացնելով ընկերների ցուցակում։ Իսկ նման «ընկերությանը» վերջ դնելու համար կարելի է պարզապես այդ մարդու անունը հանել ընկերների ցուցակից։ Սակայն վերոհիշյալ ողբերգական դեպքը ընդգծում է մի դառը իրողություն. շատ շատերը չեն գտել իսկական ընկերներ։ Վերջերս անցկացված մի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ թեև այսօր մարդիկ ավելի շատ են շփվում սոցիալական ցանցերի միջոցով, բայց իսկական ընկերներ քիչ ունեն։

 


Անշուշտ, կհամաձայնես, որ կարևոր է ունենալ լավ ընկերներ։ Ու թերևս հասկանում ես, որ հնարավոր չէ իսկական ընկերություն հաստատել՝ պարզապես հրավեր ուղարկելով կամ ընդունելով սոցիալական ցանցում։ Այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ, ըստ քեզ՝ ի՞նչ հատկություններ պետք է ունենա ընկերը։ Ինչպե՞ս կարող ես ինքդ լավ ընկեր լինել։ Ի՞նչ է հարկավոր իսկական ու հարատև ընկերություն ստեղծելու համար։

 


1. Անկեղծ հետաքրքրություն ցույց տուր
Իսկական ընկերության մեջ կարևոր է նվիրվածությունը։ Այլ կերպ ասած՝ լավ ընկերը պատասխանատվությամբ է վերաբերվում իր ընկերոջը և անկեղծորեն հետաքրքրվում է նրանով։ Ինչ խոսք, դա պետք է երկկողմանի լինի, և դրա համար անձնազոհություն և մեծ ջանքեր են պահանջվում։ Սակայն արժե՛ նման ջանքեր թափել։ Հարցրու ինքդ քեզ. «Պատրա՞ստ եմ ընկերոջս համար զոհելու իմ ժամանակը, ուժերը և միջոցները»։ Հիշիր՝ լավ ընկեր ունենալու համար նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես։

 


2. Լավ զրուցակից եղիր
Իսկական ընկերությունը չի կարող «ծաղկել»՝ առանց կանոնավոր շփման։ Ուստի ընկերոջդ հետ զրուցիր ձեր ընդհանուր հետաքրքրությունների մասին։ Ուշադիր լսիր և հարգիր նրա տեսակետը։ Ամեն առիթի դեպքում գովիր ու քաջալերիր նրան։ Երբեմն գուցե կարիք լինի խորհուրդ կամ նույնիսկ խրատ տալու ընկերոջդ, և դա թերևս այդքան էլ հեշտ չլինի։ Սակայն նվիրված ընկերը պետք է քաջություն ունենա և ընկերոջը ցույց տա նրա լուրջ սխալը ու նրբանկատորեն ուղղի նրան։

 


3. Իրատեսական ակնկալիքներ ունեցիր
Որքան շատ ենք մտերմանում մեր ընկերների հետ, այնքան ավելի շատ ենք տեսնում նրանց սխալները։ Մեր ընկերները կատարյալ չեն, ինչպես և մենք կատարյալ չենք։ Դրա համար երբեք չպետք է կատարելություն սպասենք նրանցից, այլ պետք է թանկ գնահատենք նրանց լավ հատկությունները և ներողամտորեն վերաբերվենք նրանց թերացումներին։

 


4. Ընդլայնիր ընկերներիդ շրջանակը
Ինչ խոսք, մենք պետք է ընտրենք մեր ընկերներին։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է ընկերություն անենք միայն որոշակի տարիքի կամ որոշակի կրթություն ունեցող մարդկանց հետ։ Եթե մտերմանանք տարբեր տարիքի, ծագման կամ տարբեր ազգի մարդկանց հետ, մեր կյանքն ավելի ուրախ կլինի։

 

 

Սիրարփի Մարգարյան