Եթե Ադրբեջանի բռնապետական վարչակարգին հլու-հնազանդ ծառայող մամուլը հպարտորեն տարածում է երկրի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևային հերթական՝ Մոսկվայի պետական հումանիտար-տնտեսագիտական համալսարանի «պատվավոր պրոֆեսորի» կոչում շնորհելու վերաբերյալ տարաբնույթ հրապարակումներ, ապա «ադրբեջանական փողոցում» նույն տեղեկատվությունը մեկնաբանում են բոլորովին այլ՝ զավեշտի հարթությունից:
Բանն այն է, որ Լեյլա Ալիևան բավական պատկառելի ֆինանսական ներդրումներ է իրականացրել նույն համալսարանում, իհարկե, ոչ անմիջականորեն, այլ՝ «Հեյդար Ալիևի հիմնադրամի» անունից, որի փոխնախագահն է հանդիսանումնում հենց ինքը: Վերջին այցի նպատակն էլ մոսկովյան համալսարանում ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած համակարգչային և լեզվաբանական լսարանների բացումն էր, ինչին ի պատասխան էլ, ըստ էության, Ալիևային շնրոհվել է վերոնշյալ կոչումը:

 


Բնականաբար վերոգրյալը շատ քաջ հասկանում է նաև ադրբեջանական հասարակության որոշ գիտակից հատվածը, և այս առնչությամբ հնչած կարծիքները հենց վերոնշյալի համատեքստում են, օրինակ՝ «Կեցցե ադրբեջանական նավթն. այն նաև պրոֆեսոր դարձնելու յուրօրինակ հատկությամբ է օժտված», կամ՝ «տեսնես՝ որքան է արժեցել այդ թղթի կտորը», կամ՝ «փոխանակ այդ գումարներով զոհվածների ընտանիքներին աջակցեն, նրանց խղճուկ կացարանները վերանորոգեն, իրենց համար դիպլոմներ ու կոչումներ են գնում»:
Մինչդեռ թեմայի շուրջ հնչած ամենաուշագրավ ու խոսուն, նաև՝ բոլորից շատ հավանության արժանացած մեկնաբանությունը, թերևս, հետևյալն է՝ «Լիբիայի նախկին բռնապետ Կադաֆիի դուստրը' Այիշան, ևս բազմաթիվ նման կոչումներ ուներ, հիշու՞մ եք՝ ինչ եղավ հոր հետ, ու ուր են հիմա այդ կոչումները»:

 


Այստեղից պարզագույն հետևություն՝ «ադրբեջանական փողոցի» մի ստվար հատվածը տոգորված է Ալիևին Կադաֆիի ճակատագրին, ասել է թե՝ դաժանագույն կտտանքների, անարգանքի միջոցով համաժողովրդական դատաստանի արժանացնելու մղումով:

 

Արմեն Պետրոսյան